Չինական ֆե՞յք, թե՞ ընտրական օրենքի կոպիտ խախտում. Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու Ընտրատարածքային հանձնաժողովի որոշման հաջորդ օրը ՔՊ-ական թեկնածուն ընտրողների հետ հանդիպմանն իր նկատմամբ սկսված իրավական գործընթացը կեղծիք որակեց։
«Չեմ ուզում չինացիներիս վատաբանած լինեմ, դա չինական ֆեյքեր են, ժողովուրդ ջան, միք հավատա: Դա քաղաքական հնարքներ ա՝ ինձ դատել էին, ինձ հեռացրել էին, էլ ես չեմ: Դրանք հնարքներ են, որ կիրառում են թույլ մարդիկ», - ասաց նա:
Մինչ Նիկողոսյանը ընտրողներին հորդորում է չհավատալ իրեն խաղից հանելու մասին լուրերին, ընտրական մարմնի երեք օր առաջ արձանագրած փաստերը բավականին կոշտ են ու հստակ։ Ըստ հանձնաժողովի՝ թեկնածուների գրանցման վերջին օրը իր տեղակալին ու երեք վարչական ղեկավարների աշխատանքից հեռացնելով՝ գործող համայնքապետը հոգեբանական ճնշում է գործադրել և փորձել ընտրություններից առաջ անհավասար առավելություն ստանալ։ Ինքը՝ Նիկողոսյանը, պնդում էր, թե հեռացված պաշտոնյաները, լինելով իր թիմակիցները, միտումնավոր խանգարել են իրենց իսկ թիմին։
Քաղաքապետի խոսքը տեղում անմիջապես ամրապնդեց Շենավան գյուղի փոստատարի ամուսինը՝ վստահեցնելով, որ համայնքում սուտ լուրեր են պտտվում։
«Ամեն ինչ վերահսկվում է»․ ՔՊ-ում հորդորում են խուճապի չմատնվել
Ընտրական մարմնի որոշումից հաշված րոպեներ անց թիմակիցների խուճապը փորձել էին մարել ներկուսակցական փակ նամակագրությամբ, որը հայտնվել էր ՔՊ-ականներից մեկի ֆեյսբուքյան էջի սթորիների բաժնում: Պատգամավոր Լուսինե Ավետիսյանը թիմակիցներին հորդորել էր խուճապի չմատնվել՝ վստահեցնելով, որ «ամեն ինչ վերահսկվում է»։
«Հարգելի գործընկերներ, պահպանում ենք հանգստություն, չենք լարվում, չենք մտահոգվում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերահսկվում է։ Ոչինչ չի փոխվում, վաղը շարունակվում է մեր քարոզարշավը։ Վերջին ճիգերն են գործադրում իրենց», - նշել էր նա։
Թե ո՞ւմ կողմից և ի՞նչ մեթոդներով է վերահսկվում իրավիճակը, պատգամավորն այդպես էլ չբացահայտեց. «Ես բազմաթիվ զանգեր էի ստանում, դրան ի պատասխան եմ ասել, ես նախընտրական շտաբի պետն եմ…»:
Վերահսկվող իրավիճակի մասին հայտարարություններին զուգահեռ՝ ՔՊ-ն Սպիտակում քարոզարշավի էր դուրս եկել ընդլայնված կազմով։ Նիկողոսյանին թիկունք կանգնելու էին եկել պատգամավորներ, Լոռու մարզպետն ու հարևան համայնքների ղեկավարները, այդ թվում՝ Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ով վերջերս «Գործարար» կուսակցության ցուցակով հաղթելուց անմիջապես հետո միաձուլվեց ՔՊ-ին՝ հայտարարելով, թե ընդամենը ժամանակավոր էր սառեցրել իր ՔՊ-ական անդամատոմսը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Ընտրական օրենսգրքի խախտման մասին հանձնաժողովի փաստարկներն անհիմն է համարում և պնդում, որ թեկնածուին խաղից հանելը հարված կլինի ժողովրդի ազատ կամարտահայտմանը։ Քաղաքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին մրցակից կուսակցության ցուցակով թեկնածու դառնալուց հետո պաշտոնից հեռացնելն էլ, ըստ մարզպետի, իրավաչափ է, թեև ազատման որոշումներում իր թիմակից քաղաքապետը որևէ հիմք չէր նշել: Ավելին, նրանց արգելել էր արձակուրդ գնալ քարոզարշավի օրերին:
Որոշումը բողոքարկելու են
Արեն Մկրտչյանը վստահ է՝ իրենց թեկնածուի գրանցումը չեղարկելու փորձը դատարանում դատապարտված է ձախողման, որոշումն անկասկած բողոքարկելու են, այսօր լրացող վերջնաժամկետից առաջ. «Էն հիմնավորումները, որ ներկայացված են, մենք դրանք անհիմն ենք համարում, և կարծում ենք, որ էդ գործը դատարանում փշրվելու է: Նաև ուզում եմ ընդգծել, որ պարոն Նիկողոսյանը ընտրված համայնքի ղեկավար է և չի կարելի ժողովրդին զրկել ազատ կամարտահայտման հնարավորությունից, ընտրություն կատարելու հնարավորությունից»:
Արդյոք դատարանում կփշրվի՞ ընտրական հանձնաժողովի հայցը, թե՞ «չինական ֆեյք» որակված իրականությունը կփշրի Նիկողոսյանի վերընտրվելու հույսերը, պարզ կդառնա առաջիկա օրերին։