Հաստատված նախագի՞ծ, թե՞ նախընտրական փուչիկ. Ինչ է կատարվում Վանաձորի լճի շուրջ

Վանաձորի քաղաքային լիճը, որտեղ բնակիչները սովոր են հանգստանալ, նավակ քշել ու զովանալ, կարող է փոխել իր տեսքը։ Դեռ անցյալ տարեվերջից և ընտրությունների ամբողջ ընթացքում մարզային ու քաղաքային իշխանությունները հանրությանը վստահեցնում էին, թե լճի տարածքը խոշոր շատրվանային համակարգ դարձնելու ծրագիրն արդեն հաստատված է և կիրականացվի հենց այս տարի։

Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության էթերում հայտարարում էր, որ տարիներ առաջ վարձակալության տրված տարածքը հետ է վերցվել, և այստեղ պետության ու համայնքի բյուջեից ավելի քան կես միլիարդ դրամ են ծախսելու։

«Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված է աննախադեպ բյուջե և աննախադեպ ծրագրային փաթեթ», - ասում էր Մկրտչյանը, - «Մենք լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ ենք սկսում»:

«Վանաձորի քաղաքային լճի վթարային տարածքի նախագծային աշխատանքներն ավարտված են: Այն կունենա ճարտարապետական նոր տեսք», - ազդարարում էր նախընտրական ռեպորտաժը: Դրանում որպես նախագծի հեղինակ ներկայանում էր Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Սուրեն Աբովյանը, որը դատարանի առաջ է կանգնած կաշառքի և այլ պաշտոնեական չարաշահումների գործերով։ Այն ժամանակ նա վստահեցնում էր, թե լճում շատրվաններ տեղադրելը որևէ կերպ չի խանգարի լողացողներին ու նավակներին։

«Որոշակի վերապահում կա բնակչության մոտ, որ հնարավոր է՝ չկարողանան լողալ կամ նավակից օգտվել: Պետք է նշեմ, որ դա այդպես չէ», - ասում էր Աբովյանը:

Մինչդեռ ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Օրերս մարզպետարանում կազմակերպված հանրային լսմանը, որին հանրությունը փաստացի չէր մասնակցում, պարզվեց, որ հաստատված ծրագիր պարզապես չկա։ Նույն Սուրեն Աբովյանն այժմ հայտարարում է, թե ընդամենը սեփական նախաձեռնությամբ, անվճար էսքիզ է գծել, որն արժանացել է մարզպետի հավանությանը:

«Պատվեր չի եղել, պարոն մարզպետի հետ քննարկումների արդյունքում ես որպես անհատ ճարտարապետ ուղղակի մշակել եմ, ներկայացրել ենք միասին հանրությանը: Իսկ հետագա արդեն աշխատանքային նախագծերը կմշակվեն, բնականաբար, համապատասխան պատվերով, կարգով, և ես մեծ հավանականությամբ դրանից հետո կապ չեմ ունենա: Ես գաղափարն եմ ներկայացրել, էսքիզը և հայեցակարգը», - «Ազատությանը» ասաց Աբովյանը:

Փոխմարզպետ Ռուբեն Մարգարյանն էլ հաստատեց՝ էսքիզը հավանության արժանանալուց հետո դեռ պետք է նախագիծ դառնա և ուղարկվի Կառավարություն։

«Հստակ ժամկետ չեմ կարող նշել, հավանաբար դա էս տարվա մեջ վերջնական հաստատում կունենա», - նշեց փոխմարզպետը:

Այս հակասություններին ու լճի ավանդույթները վերացնելու պլաններին արձագանքել են վանաձորցիները, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա անթույլատրելի է համարել արհեստական լճում թանկարժեք շատրվաններ դնելն ու մարդկանց հանգստի գոտին խլելը։

«Քաղաքում որ հարցնում եմ ասում եմ՝ ինչո՞ւ են, լավ, ինչո՞ւ են կպած ուզում դնեն ստեղ շատրվան, էլի, իմաստը ո՞րն ա, ինչի՞ շատրվան, ասում ա՝ ինչ-որ մեկը կա մարզպետարանում, ով որ շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի, և, ասում ա, տենց էդ մարդը լոբբինգ ա անում, որ շատրվան: Էս քաղաքում անընդհատ շատրվան են դնում: Մի քանի տեղ դրել են շատրվաններ, շատրվանները չեն գործում, չեն միացնում, որովհետև դա ծախս ա՝ դա ջուր ա, էլեկտրաէներգիա ա, ծախս ա, փող ա, մի 10 միլիոն դրամ տարեկան պետք ա դուրս գրեն, որ շատրվանը ստեղ աշխատի: Ես առաջարկում եմ՝ էն գումարը, որ պետք ա դրվի բարեկարգման, շատրվան կառուցելու վրա, դրվի՝ բարեկարգվի, փրկարարի ծառայություն էստեղ դրվի, ջուրը մաքրվի, բնականաբար», - հայտարարում էր Մարուքյանը:

Քննադատություններից հետո մարզպետն իր ֆեյսբուքյան էջում ստիպված եղավ ընդունել, որ լճում լողալն ու հոսանքով շատրվանային համակարգը համատեղելը, ի վերջո, չի հաջողվում։

«Գիտեք, որ լուսաձայնային շատրվանները հոսանքով են աշխատելու, և ջրի մեջ լինելու է հոսանք: Մյուս կողմից՝ նույն լճում կա լողանալու և նավակներ վարելու վաղեմի ավանդույթ, և մենք էլ չենք ուզում այդ ավանդույթը կորցնել: Բայց երկուսը համատեղել կարծես թե չի հաջողվում», - ասում էր Արեն Մկրտչյանը:

Մարզպետը նաև հերքում է պնդումները, թե մարզպետարանում շատրվանների լիցենզիա ունեցող պաշտոնյա կա, ինչի պատճառով էլ քաղաքում անընդհատ շատրվանների նախագծեր են առաջ մղվում. - «Իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա: Նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում, և նաև, մեծ հավանականությամբ, Քրեական օրենսգրքի սահմաններ կհատի, և իրավապահներն էլ կմիջամտեն»:

Չնայած մարզպետ Արեն Մկրտչյանը բացառում է պաշտոնյաների մասնակցությունը պետական գնումներին, լրագրողական հետաքննությունները հակառակն են փաստում։ «Ազատություն»-ը բազմիցս է անդրադարձել, թե ինչպես են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն ակտիվորեն մասնակցում տենդերներին։ Օրինակ՝ մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Լևոն Հախինյանի մորը պատկանող «Ղարաքիլիսա» ընկերությունը, հաճախ լինելով միակ մասնակիցը, միայն վերջին երկու տարում տասնյակ միլիոնավոր դրամների պետական պատվերներ է ստացել։ Մեկ տարի առաջ «Ղարաքիլիսա» ընկերության էջում տեղադրված հեռախոսահամարով հենց մարզպետարանի բաժնի պետ Լևոն Հախինյանն էր պատասխանել «Ազատության» զանգին:

«Կազմակերպությունը հիմնադրվել ա դեռ էն ժամանակ, երբ որ ես դպրոցական եմ եղել, կազմակերպությունը պատկանել ա ու շարունակում ա պատկանել իմ ընտանիքին, ես իմ ընտանիքի երրորդ սերնդի ճարտարապետն եմ: Իսկ շահերի բախում ըտեղ որևէ անգամ չի եղել», - վստահեցրել էր Հախինյանը:

Պաշտոնավարման մեկուկես տարում որևէ ասուլիս չհրավիրած մարզպետն այժմ Ֆեյսբուքի իր էջում է հորդորում հանրությանն առաջարկներ անել լճի վերաբերյալ՝ չնայած ամիսներ առաջ վստահեցնում էր, թե ծրագիրը պատրաստ է։

«Էնպես որ, կշարունակենք էս մասով քննարկումները, մենք բաց ենք, կառուցողական ենք, միանձնյա որոշում հանրային նշանակություն ունեցող հիմնանորոգման ծրագրում չենք կայացնելու, բնականաբար», - ասում էր Արեն Մկրտչյանը:

Իսկ այսօր քաղաքի չմաքրվող լճում մարդիկ անխռով լողում էին՝ անտեղյակ, որ մի օր կարող են ջուրը մտնելու արգելք ունենալ, եթե իշխանությունները վերջնականապես որոշեն ավելի քան կես միլիարդանոց շատրվանների ծրագիրն առաջ մղել: