Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Ներքին գործերի նախարարն աշխատանքից ազատել է երեք փոխոստիկանապետերին, երկուսին նշանակել է նախարարի խորհրդական, մեկին էլ՝ օգնական: Կադրային փոփոխություններն արվել են նախորդ շաբաթ երկրում կրակոցների, սպանությունների ֆոնին:

Աշխատանքից ազատվել է փոխոստիկանապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրան կփոխարինի գնդապետ Արթուր Բարսեղյանը:

Փոխոստիկանապետ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանին կփոխարինի գնդապետ Կարեն Խաչատրյանը:

Ոստիկանապետի մեկ այլ տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին էլ կփոխարինի փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Նախարար Արփինե Սարգսյանի մեկ այլ հրամանով Վարդան Վարդանյանն ու Կարեն հակոբյանը նշանակվել են նախարարի խորհրդական, իսկ Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական:

Նախորդ շաբաթ Երևանում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով կա մեկ զոհ, դանակահարությամբ սպանություն էր կատարվել Սևանում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ հրազենով հանցագործությունները տարեցտարի աճել են՝ օրինակ, 2025 թվականին նման 152 դեպք է գրանցվել, 2024-ին՝ 109, 2023-ին՝ 94 դեպք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ շաբաթում՝ կրակոցներ և սպանություններ․ ինչո՞ւ է աճում զենքի գործադրումը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աջափնյակի կրակոցներից երկու օր անց խուզարկություններ Մերձավանում