Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման շուրջ «պայմանավորվածություն կա»

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա, «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանը չի հստակեցրել հանդիպման վայրն ու ժամկետը, բայց նշել է, որ աշխատանքները շարունակական են:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է հայտնել, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի՝ Արարատ Միրզոյանի հետ:

Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում, որտեղ ամսվա սկզբին անցկացվում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Առաջիկա բանակցությունների մասին երկու երկրներից հնչող հայտարարությունը հետևում է երեկ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Ադրբեջան կատարած այցին: Դեյվիդ Ալլենին Բաքվում ընդունել էր փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

Երեկվանից թե Հայաստանում, թե Ադրբեջանում ՄՆ-ի դեսպանությունները ամերիկացի դիվանագետի այցին դեռ չեն անդրադարձել: Դեյվիդ Ալլենի այցի մասին առայժմ միայն պաշտոնական Բաքուն է տեղեկացրել՝ խիստ արձանագրային հայտարարությամբ, թե քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման քայլերը, նաև հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ TRIPP զարգացման ընկերության ստեղծումը:

Հենց այս ընկերությունն է զբաղվելու ԹՐԻՓՓ-ի շինարարությամբ: Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղու վերաբերյալ համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Հայ-ամերիկյան այդ ընկերությունում, ըստ ստորագրված փաստաթղթի, Հայաստանի մասնաբաժինն առաջին 50 տարիներին 26, Ամերիկայինը 74 տոկոս կլինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայրամով. Այս կամ այն բնակավայրի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը