Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել

Ականի պայթյուն, արխիվային լուսանկար

Ջաբրայիլի շրջանում այսօր հակահետևակային ականների պայթյուններից վիրավորվել են նախ 26-ամյա Օրհան Ղահրամանովը, ապա նրա հայրը՝ 60-ամյա Աշրաֆ Ղահրամանովը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ ականներից առաջինը պայթել է, երբ Օրհան Ղահրամանովն անասուններին էր արածեցնում չականազերծված տարածքում: Պայթյունի հետևանքով նա ծանր վնասվածքներ է ստացել՝ կորցրել է վերջույթներ, վիրահատությունից հետո էլ վիճակը ծանր է, հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է:

Աշրաֆ Ղահրամանովը որդու վիրավորվելուց հետո մտել է նույն տարածք և նույնպես ծանր վիրավորվել է մեկ այլ ականի պայթյունից:

Տեղի ունեցածի կապակցությամբ դատախազությունը քննություն է իրականացնում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո երկրում ականների զոհերի թիվը հասել է 443-ի: Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձննել Ադրբեջանում ականազերծման աշխատանքներին: