Իտալական Մոդենայում վարորդը մեքենան վարել է հետիոտների ուղղությամբ, 8 մարդ վիրավորվել է

Իտալիա - Դեպքի վայրում, Մոդենա, 16-ը մայիսի, 2026թ.

Իտալիայի Մոդենա քաղաքում շաբաթ օրը վարորդը ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է հետիոտների ուղղությամբ: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է առնվազն ութ մարդ: Վարորդը զինված է եղել դանակով, պատմել է քաղաքապետ Մասիմո Մեցետին:

«Վարորդը միտումնավոր վարել է մայթով՝ վրաերթի ենթարկելով մի քանի մարդու և հարվածելով խանութի ցուցափեղկին: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և հանել դանակը», - ասել է քաղաքապետը:

Նրա փոխանցմամբ՝ անցորդները բռնել են վարորդին և հանձնել ոստիկանությանը: Ձերբակալվածը հյուսիսաֆրիկյան ծագումով Իտալիայի քաղաքացի է, շուրջ 30 տարեկան, նրա արարքի շարժառիթները դեռևս պարզված չեն:

Ըստ քաղաքապետի՝ տուժածներից չորսի վիճակը ծանր է:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին տեղի ունեցածը «չափազանց լուրջ» է որակել և շնորհակալություն հայտնել մեքենայի վարորդի ձերբակալմանն օժանդակած քաղաքացիներին: Նա համոզմունք է հայտնել, որ հանցագործը լիարժեք պատասխանատվություն կկրի իր արարքի համար:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մելոնին չեղարկել է իր այցը Կիպրոս և մեկնելու է Մոդենա: Մոտ 180 հազար բնակիչ ունեցող այդ քաղաք է այցելելու նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: