Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի արվարձաններին

Իսրայելն այսօր կրկին հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում են լիբանանյան պետական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Իսրայելը զգուշացրել էր, որ թիրախավորելու է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապված մասնաճյուղերը։

AFP-ի ուղիղ հեռարձակման կադրերում երևում է, թե ինչպես են այդ տարածքից ծխի մեծ սյուններ բարձրանում։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնելու Al-Qard al-Hassan ֆինանսական կազմակերպության մասնաճյուղերին, որը հիմնականում գործում է «Հեզբոլա»-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ Լիբանանի հարավում, արևելքում և Բեյրութի հարավային արվարձաններում։

Պետական լրատվական գործակալության և AFP-ի թղթակիցների փոխանցմամբ՝ Իսրայելն առնվազն երեք հարված է հասցրել Բեյրութի հարավային հատվածին։

Լիբանանը ներգրավվեց Մերձավոր Արևելքի պատերազմում անցյալ շաբաթ, երբ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-իսրայելական հարվածների ընթացքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։