Իսրայելը հետախուզական ուժեր է տեղակայել Ադրբեջանում, որոնք Իրանի դեմ պատերազմի ժամանակ տվյալներ են տրամադրել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Ստեփանակերտ, 4-ը հուլիսի, 2025

Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ պատերազմի ժամանակ, հայտնում է CNN-ը՝ թեմային ծանոթ չորս աղբյուրի հղումով: Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելը գաղտնի կերպով ռազմական և հետախուզական էլիտար ստորաբաժանումներ, հետախուզական սարքավորումներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք տվյալներ են հավաքել և էապես օգնել Իսրայելին պատերազմի ժամանակ:

Այդ ուժերը, ըստ աղբյուրների, գործել են Հարավային Ադրբեջանի մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ, իսկ ամենամոտը եղել է իրանական Թավրիզ քաղաքից մոտ 96 կմ հեռավորության վրա։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը, սակայն, CNN-ի հետ զրույցում հերքել է լուրը՝ այն համարելով «անհիմն»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ևս հերքել է հրապարակումը:

«Պնդումները, թե Ադրբեջանի տարածքն իբր օգտագործվում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողությունների նպատակով, և որ մեր երկրի տարածքում Իսրայելին պատկանող ուժեր են տեղակայված, լիովին անհիմն են և կտրականապես հերքվում են», - պնդել է Հաջիզադեն:

CNN-ը, սակայն, այլ մանրամասներ ևս ներկայացնում է: Ըստ այդմ՝ Իսրայելը նաև տեղակայել է հրամանատարական հատուկ ստորաբաժանումներ, որոնք հետախուզություն են իրականացրել, այդ թվում՝ անօդաչուներով: Դրանք արժեքավոր տեղեկություններ են տրամադրել և հնարավորություն՝ պատերազմի ընթացքում տեսադաշտում պահել Հյուսիսային Իրանը։

Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ հենց այս ուժերի միջոցով Իսրայելը կարողացել է տվյալներ հավաքել իրանական զինուժի տեղաշարժերի և ռազմական օբյեկտների մասին, նաև վաղ նախազգուշացում ստանալ հրթիռների արձակման դեպքում։ Ընդ որում, այս ուժերն ի սկզբանե տեղակայվել են որպես փրկարարական ուժեր և հետո են ընդլայնել իրենց գործողությունները:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում իսրայելական ուժերը տեղակայվել են Իրանի հարավային, արևմտյան և հյուսիսային ծայրամասերին մոտ, ինչի շնորհիվ Իսրայելը կարողացել է հարյուրավոր կիլոմետրեր խորությամբ տվյալներ ստանալ Իրանից: Հենց դրանք էլ օգնել են շարունակական հարվածներ հասցնել իրանական տարբեր թիրախների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Վտանգավոր իրավիճակ». Ադրբեջանը վախենում է Իրանի հետ ընդլայնվող պատերազմի մեջ ներքաշվելուց

Ըստ աղբյուրի՝ այս առաքելության նախապատրաստումը սկսվել է պատերազմից մի քանի շաբաթ առաջ, երբ Իրանը զանգվածաբար սպանում էր ցուցարարներին։ Իսրայելը պլանավորում էր Իրանի դեմ ռազմական գործողությունն իրականացնել հունվարի կեսերին։ Սակայն ԱՄՆ նախագահը վերջին պահին չեղարկել է այն՝ ասելով, որ Իրանը համաձայնել է դադարեցրել ցուցարարների սպանությունները։ Սակայն, ըստ CNN-ի, Իսրայելը շարունակել է ինքնուրույն գործել, քանզի Թել Ավիվում վստահ էին, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները կձախողվեն։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ադրբեջանից իրականացված հիմնական գործողություններից մեկը մարտի 4-ին Ռահման Մոգադամի սպանությունն էր, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ստորաբաժանումը: Իսրայելը նրան մեղադրում էր 2024-ին Թրամփի դեմ մահափորձ պլանավորելու մեջ։

Մեկ օր անց իրանական անօդաչուները հարվածեցին Նախիջևանի օդանավակայանին, վնասեցին շենքը և վիրավորեցին մի քանի մարդու: Ադրբեջանի նախագահն այդ ժամանակ հերքեց, որ իր երկրի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ հարձակումների համար, ապա «ահաբեկչական գործողություն» որակեց Իրանի հարձակումը: Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Թեհրանը հարձակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան:

«Այս ամենի դիմաց՝ Նախիջևանին հարվածել տգեղ, վախկոտ և անամոթ ձևո՞վ։ Այս բիծը երբեք չի ջնջվի նրանց տգեղ և զզվելի դեմքից», - ասաց Ալիևը:

Մարտի 6-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարեց, որ կանխել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դավադրությունը, որի թիրախում էին կարևորագույն ենթակառուցվածքներ: Շաբաթներ անց Իսրայելը հրապարակավ ընդունեց, որ դա համատեղ գործողություն էր, որին մասնակցել են նաև Իսրայելի հատուկ ուժերը:

CNN-ը հիշեցնում է, որ Իսրայելը վաղուց է Ադրբեջանին համարում Իրանի դեմ պայքարում իր ռազմավարական գործընկերը: Այս երկրները նաև առևտրային և ռազմական սերտ կապեր ունեն։ Իսրայելն իր նավթի մեծ մասը ստանում է Ադրբեջանից։ Դրա դիմաց Թել Ավիվը Բաքվին վաճառում է ժամանակակից զենքեր, որոնցից շատերն օգտագործվել են Հայաստանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ:

Ըստ «Ճգնաժամային խմբի» ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերայի՝ այս հարաբերությունները նաև Ադրբեջանին հասանելիություն են տալիս կարևորագույն դիվանագիտական ռեսուրսի: Դա, ըստ նրա, Բաքվին թույլ է տալիս օգտագործել Իսրայելի լոբբիստական ներուժը Վաշինգտոնում։

«Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում դիրքավորվել որպես տարածաշրջանային տերություն, և դա, մասնավորապես, ներառում է Իսրայելի և արաբական ու այլ պետությունների միջև կամրջի դեր կատարելը», - նշել է վերլուծաբանը:

Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանից բացի՝ նման գաղտնի առաքելություններ Իսրայելն իրականացրել է այլ երկրներում ևս, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի ԱԳ նախարարը ժամանել է ԲաքուԱնկարան ուսումնասիրում է թուրքական մամուլում Ադրբեջանի մասին տարածվող կեղծ լուրերի դեպքերը. APAԱլիև. «Լայն հնարավորություններ կան» Ադրբեջանի ու Իսրայելի միջև համագործակցության զարգացման համար