Իսրայելը և Լիբանանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում, AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Վաշինգտոնի ու Թեհրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո՝ Լիբանանի վրա Իսրայելի կողմից ձեռնարկված ամենածանր հարվածների հետևանքով չորեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ զոհվեցին:
«Մենք կարող ենք հաստատել, որ հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացվի՝ քննարկելու Իսրայելի և Լիբանանի հետ հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները», -AFP-ի փոխանցմամբ ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարեց Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլա»-ի զինաթափման վրա։
Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ Լիբանանի նախագահն ասել էր, որ «Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները»։