Իսրայելի բանակը Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին

Իրավիճակն անկայուն է Լիբանանում, որտեղ տասնօրյա հրադադար է հաստատվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն ստանձնել է մի շարք պայթյունների պատասխանատվությունը, որոնք, ըստ շարժման, թիրախավորել են իսրայելական ութ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյունը:

Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ գիշերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի ժամկետի ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի շարունակական ահաբեկչական գործողությունների»,- հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակը:

Իսրայելի բանակը սոցիալական ցանցերում հրապարակել է քարտեզ, որտեղ կարմիր գծով նշված են հարավի 21 գյուղերը։ Բնակիչներին հորդորել են չմտնել այդ տարածք՝ ընդգծելով, որ զորքերը շարունակում են մնալ իրենց դիրքերում «շարունակվող ահաբեկչական գործողությունների» պայմաններում։
Քարտեզում նշված են նաև ավելի քան 50 այլ գյուղեր, որոնց բնակիչներին խորհուրդ է տրվել դեռևս չվերադառնալ։

Միևնույն ժամանակ, Բեյրութի հարավային արվարձաններում ելույթ ունենալով՝ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մահմուդ Քմատին է նաև բնակիչներին կոչ է արել դեռևս չվերադառնալ իրենց տներ՝ Իսրայելի հնարավոր հարձակումների վտանգի պատճառով։

Տեղական ինքնակառավարման մարմինները ևս զգուշացրել են, որ վերադարձը դեռ անվտանգ չէ։

Լիբանանը ներգրավվեց տարածաշրջանային պատերազմում մարտի 2-ին, երբ «Հեզբոլա»-ն իր աջակցությունը հայտնեց Իրանին։ Դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով, լիբանանյան իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 2 հազար 300 մարդ, այդ թվում՝ 177 երեխա, իսկ ավելի քան 1.2 միլիոն մարդ տեղահանվել է։

«Հեզբոլա»-ն չի հրապարակել իր կորուստները, սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ մարտի վերջի դրությամբ զոհվել է առնվազն 400 մարտիկ։

«Հեզբոլա»-ն հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, իսկ մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհվել է 15 իսրայելցի զինվոր։