Իսպանիայում համընդհանուր գործադուլի շրջանակում երեկ երկրի մի շարք քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելու թանկացումների դեմ և պահանջելու ավելի մատչելի կենսապայմաններ, այդ թվում՝ մատչելի բնակվարձ, հայտնում է Deutsche Welle-ն:
Մադրիդում, ըստ իշխանությունների, ցույցերին միացել է 120,000 մարդ։ Բողոքի ակցիաների կոչ անող վարձակալների ասոցիացիաները, մինչդեռ, հաշվել են 600,000 մասնակից։ Բարսելոնայում, ոստիկանության գնահատմամբ, փողոց է դուրս եկել 55,000 մարդ։
Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին մեկօրյա համընդհանուր գործադուլը տեղի է ունեցել երկրում խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկուսուկես շաբաթ առաջ, նշում է dpa գործակալությունը:
Մեկօրյա գործադուլ Իսպանիայում, 11-ը նոյեմբերի, 2026թ.
Անկարգություններ Բարսելոնայում
Երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցերը հիմնականում խաղաղ են եղել։ Սակայն Բարսելոնայում ցույցերի ավարտից հետո անկարգություններ են սկսվել։ RTVE-ն հաղորդում է, որ դիմակավորված աջ ծայրահեղականների մի խումբ կոտրել է մի քանի խանութների պատուհաններ, այրել աղբամաններ և սկսել է շշեր, քարեր և Մոլոտովյան կոկտեյլներ նետել ոստիկանների վրա։ Ոստիկանությունը նրանց դեմ մահակներ է օգտագործել:
Ըստ dpa-ի՝ նոյեմբերի 11-ի համընդհանուր գործադուլը մասամբ կաթվածահար է արել հասարակական և տնտեսական կյանքը: Երկրի ձախակողմյան կառավարությունը աջակցել է ցուցարարներին: Միևնույն ժամանակ, աջակողմյան ընդդիմությունը ցույցերն անվանել է գաղափարախոսական դրդապատճառներով պայմանավորված:
Գործադուլը՝ հաջողված
CCOO արհմիութենական ասոցիացիան հայտարարել է, որ համընդհանուր գործադուլը լիովին հաջողվել է և գերազանցել է կազմակերպիչների սպասումները: «Էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է մինչև այնպիտի մակարդակի, որն ավելի շատ բնորոշ է կիրակի, քան աշխատանքային օրվան, - CCOO-ը գրել է X-ում,- Իսպանական տնտեսության արդյունաբերությունը և ռազմավարական առումով կարևոր ճյուղերը կանգ են առել»:
Ցուցարարները երթով շարժվում են անձրևի տակ, 11-ը նոյեմբերի, 2026թ. Մալագա, Իսպանիա
Իր հերթին, Իսպանական գործարար կազմակերպությունների կոնֆեդերացիան (CEOE) հայտարարել է, որ գործադուլին մասնակցությունը «նվազագույն» էր՝ աշխատակիցների 10%-ից պակաս: dpa-ի տվյալներով՝ գործադուլները, ի թիվս այլ վայրերի, ազդել են խոշոր ավտոարտադրողների, ինչպիսիք են Պամպլոնում գտնվող Volkswagen-ը և Մարտորելում գտնվող դրա դուստր Seat-ը, ինչպես նաև մեծածախ շուկաների և առևտրային նավահանգիստների վրա, ինչպիսին է Ալխեսիրասը:
RTVE-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 52 մարդու ամբողջ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։
Թոշակառուի վտարումը՝ ցույցերի պատճառ
Իսպանիայում ցույցերն սկսվեցին այն բանից հետո, երբ Մադրիդում 87-ամյա թոշակառու Մարիկարմեն Աբասկալին դուրս էին հանել իր բնակարանից:
Կինը 70 տարի շարունակ ապրել էր Իսպանիայի մայրաքաղաքի այդ բնակարանում՝ ամսական վճարելով 500 եվրո։ 2018 թվականին, սակայն, նոր ընկերություն էր ձեռք բերել գույքը և բարձրացրել վարձավճարը, ինչի հետևանքով այն գերազանցել էր նրա ստացած թոշակի չափը: Սեպտեմբերի 23-ին Աբասկալը վտարվել էր։ Ընդամենը մի քանի օր անց նա մահացել էր հիվանդանոցում։
Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, 11-ը նոյեմբերի, 2026թ.
Արտահերթ ընտրություններ
Հոկտեմբերի 5-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, Իսպանիայի սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց խորհրդարանը լուծարելու և 2026 թվականի նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Նա նշել էր, որ պատճառն այն կրիտիկական իրավիճակն է, որը ստեղծվեց, երբ խորհրդարանը մերժեց բնակարանային շուկայի բարեփոխման վերաբերյալ կառավարության որոշումը:
Ինչպես հաղորդում է dpa-ը, Իսպանիայում բնակարանային ճգնաժամը վերջին մի քանի տարիների ընթացքում վատթարացել է։ Վարձավճարներն ու բնակարանների գներն աճել են շատ ավելի արագ, քան մարդկանց իրական եկամուտները։ Արդյունքում, շատ բնակիչներ մինչև 30 տարեկանը շարունակում են ապրել իրենց ծնողների հետ, քանզի չեն կարողանում բնակարան վարձել։
Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, 11-ը նոյեմբերի, 2026թ.
Գործակալությունը պարզաբանում է, որ բնակարանների վարձավճարի բարձրացումը մասամբ պայմանավորված է միգրանտների հոսքի աճով, ինչի հետևանքով մատչելի բնակարանների պակաս է առաջացել: Իսպանիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ երկրում մոտ 750,000 բնակարանի պակաս կա: Մինչև 2028 թվականը, կանխատեսումների համաձայն, պակասը կհասնի մեկ միլիոնից ավելիի: