Իսլանդիան հանրաքվեով մերժեց ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսումը

Երեկ անցկացված հանրաքվեի արդյունքում իսլանդացիները մերժել են Եվրոպական Միությանն անդամակցելը՝ դեմ արտահայտվելով Բրյուսելի հետ անդամակցության ուղղությամբ բանակցություններ վերսկսելու՝ կառավարության առաջարկին, հայտնում է Reuters գործակալությունը։

Ըստ քննադատների՝ ԵՄ անդամակցությունը կարող է ռիսկի տակ դնել երկրի ձկնորսական շուկայի ինքնավարությունը։

400 հազար բնակչություն ունեցող արկտիկական կղզին ավելի քան մեկ տասնամյակ քննարկում էր ԵՄ-ին միանալու հարցը։ Ակնկալվում էր, որ բնակչությունը, թեև փոքր առավելությամբ, սակայն կաջակցի անդամակցության վերաբերյալ բանակցություններ վարելուն:

Երկրի հանրային հեռարձակող RUV-ի հաղորդմամբ՝ կառավարության առաջարկին կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 47,2%-ը, դեմ՝ 52,8%-ը։ Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող իսլանդացիների 82,5%-ը

Իշխանությունը Եվրամիությանը միանալը ներկայացնում էր որպես «վահան»՝ առևտրային պատերազմներից պաշտպանվելու և Արկտիկայի տարածաշրջանում մրցակցությանը դիմագրավելու համար։ Իշխանության գնահատմամբ՝ ԵՄ-ին միանալու համար բանակցություններ սկսել հնարավոր էր «կա՛մ հիմա, կա՛մ երբեք»։

Վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտտիրը հայտարարել էր՝ «ոչ»-ի հաղթանակը կփակի անդամակցության թեման, քանի դեռ նա իշխանության կլինի։

Ռեյկյավիկը ԵՄ-ին անդամակցելու հայտ 2009-ին էր ներկայացրել, երբ երկրի փոքր և խոցելի տնտեսությունը ֆինանսական ճգնաժամում էր հայտնվել, սակայն 2013-ին ԵՄ-ին քննադատաբար մոտեցող կառավարություն ձևավորվեց, որը կասեցրեց բանակցությունները։