Իշխանությունները տարին ավարտում են մի շարք խոստումներ անկատար թողնելով, բայց դարձյալ վստահեցնելով՝ իրականություն կդարձնեն դրանք:
Կապսի ջրամբարը
«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի». - Կառավարության նիստից հետո երեկ վարչապետը խոստացավ՝ չնայած Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, իշխանություններն այն կառուցելու են։ Այդ դեպքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը որևէ ժամկետ չնշեց. Կառավարությունը ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։
Շիրակի մարզվում կառուցվող Կապսի ջրամբարի շինաշխատանքներն օրերս են դադարեցվել։ Շինարարությունն իրականացնող չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։
Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթը շահած չինական ընկերության հետ պայմանագիրը խզել է։ Հիմա գործադիրը նոր գործընկեր է փնտրում։
Վարչապետը «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ին մեղադրեց տված խոստումները չիրականացնելու համար, բայց չասաց՝ կոնկրետ ինչ պարտավորություններ է խախտել չինական ընկերությունը։
«Խոշոր կապիտալ ծրագրերը էդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում: Պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ Կառավարությունը չկա էդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար, ու չի արել: Կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է», - երեկ ասաց Փաշինյանը:
«Ազատություն»-ը դեռ ամիսներ առաջ էր պարզել՝ ջրամբարի կառուցման շինաշխատանքների ժամկետները խախտվել են։ Անցած ամիսներին աշխատանքների անգամ 20 տոկոսը չի իրականացվել։ Սա էլ հենց պատճառ է դարձել կապալառու ընկերության հետ կնքված պայմանագիրը խզելու համար։
«Եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք, Երրորդ Հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ մենք այստեղ, այս ծրագիրը կարևոր է ոչ միայն հենց Ջրաձորի և Ջրաձորի բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու վերաբերյալ», - 2020-ի օգոստոսին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Հինգ տարի առաջ Կառավարության նիստում էր վարչապետը խոստանում Կապսի ջրամբարի կառուցման համար Ջրաձոր համայնքը տեղափոխելու ու նոր գյուղ կառուցելու մասին։ Կառավարությունը 5 մլրդ դրամ էր հատկացրել զրոյից նոր գյուղ հիմնելու համար, անցած հինգ տարում, սակայն, դրա շինարարական աշխատանքներն էլ չեն սկսվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերին խոստացավ ծրագիրը սկսել 2026 թվականին։
Կապսի ջրամբարը մեկն է այն 17-ից, որ Կառավարությունը խոստացել է կառուցել 2021-2026 թվականներին։ Անցած չորս տարում, սակայն, խոստացած 17 ջրամբարներից շահագործման է հանձնվել միայն Վեդիի ջրամբարը։
Ի՞նչ փուլում են մնացած 15 ջրամբարների կառուցման աշխատանքները։ Պարզվում է՝ անցած չորս տարում դրանց շինարարական աշխատանքներն անգամ չեն մեկնարկել։
Ջրային կոմիտեի հանրության հետ կապերի պատասխանատու Աղունիկ Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Հինգ ջրամբարների կառուցման ներդրումային ծրագիրը արդեն հաստատվել է, այդ հինգ ջրամբարներն են Քացախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարները; Սրանց շինարարության մրցութային գործընթացները ակնկալվում է մեկնարկել 26 թվականի երկրորդ կիսամյակում»:
«Ինը ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, Ջրային կոմիտեի կողմից արդեն մշակվել է առաջադրանքի պայմանների նախագիծ: Եվս մի ջրամբարի մասին՝ Գեղարքունիքի մարզի Արգիճի ջրամբարի հետ կապված փոքր տեխնիկական խնդիրներ են առաջացել, առայժմ տեխնիկական դադար է», - նաև ասաց Հովհաննիսյանը:
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գործադիրին անարդյունավետ կառավարման համար է մեղադրում, հայտարարում՝ շինարարությունը դադարեցնել, պայմանագիրը լուծելը շատ ավելի հեշտ է, քան գործընթացը կառավարել և արդյունք ապահովելը։
«Կարելի է մեղադրել չինական ընկերությանը։ Միշտ ինչ-որ մեկը մեղավոր է, սակայն ոչ ՀՀ կառավարությունը, որը շարունակաբար և հետևողական կերպով տապալում է ՀՀ տնտեսության և տնտեսական պոտենցիալի զարգացման համար կարևոր այս կամ այն աշխատանքը:
Իմ բազմաթիվ հրապարակումներում նշել եմ, որ Հայաստանը ռեսուրսների խնդիր ունի․ մարդկային, նյութական, կառավարչական, տեխնիկական, ֆինանսական։ Պետական մարմիններն այնպես են կազմակերպում իրենց աշխատանքը, կարծես ռեսուրսներն անսահմանափակ են։ Այսպես վատնում են եղած ռեսուրսները, հետաձգում են կարևորագույն ծրագրերի ավարտը, վնասում են Հայաստանի տնտեսական զարգացմանը», - ընդգծում է Քյուրումյանը:
Խոստացած ծրագրերը ժամանակին չիրականացնելու, կառավարման անարդյունավետության մեղադրանքների ֆոնին վարչապետը երեկ փաստացի արդարացնում էր՝ ինչու չի հաջողվում գործադիրին չխախտել իր իսկ սահմանած ժամկետները. - «Դրանք էլ մեծ, բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է հընթացս կառավարենք: Ես նաև սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք: Ասելով չի, որ մենք, ենթադրենք, մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք, պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել, և պիտի սովորենք՝ ինչպես անել, որ էդ պրոբլեմները չառաջանան: Սխալներով, բացթողումներով ենք մենք, և բոլորը, սովորում, և խնդիրն էն է, որ մենք պետք է ի վերջո դարձնենք ջրամբար կառուցելը սովորական բան»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետը պնդում է՝ կարող են պետբյուջեի միջոցներով երկաթգծեր վերանորոգել. ընդդիմությունից արձագանքում ենԿապսի ջրամբարի շինարարությունը կասեցվել է. պայմանագիրը չինական ընկերության հետ դադարեցվում էԿապսի ջրամբարի շինարարությունը նախատեսված ժամկետից հետ է ընկել. ի՞նչ խնդիր ունի չինական ընկերությունըՄի քանի տասնամյակի դադարից հետո Շիրակում վերսկսվել է Կապսի ջրամբարի կառուցումը5 միլիարդ դրամ՝ Ջրաձորի տեղափոխման համար. գյուղի տարածքում կվերսկսվի Կապսի ջրամբարի կառուցումըԱջափնյակի մետրոն
Իշխանության խոստացած ու դեռ իրականություն չդարձած ծրագրերից մեկն էլ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է։
«Մենք հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով, այսինքն՝ ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մենք ... Իհարկե, եթե նախագծման պրոցեսները ժամկետում, այսինքն, հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի, ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասացի, և 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի, և շատ կարևոր է սա», - 2022-ի հոկտեմբերին հայտարարել էր վարչապետը:
Երևանի մետրոյի նոր՝ 11-րդ կայարանի շինարարությունն անգամ անցնող տարում չմեկնարկեց, իսկ Աջափնյակի կայարանի կառուցման համար բյուջեից հատկացված միջոցների մի մասը սկզբում Կառավարությունը, հետո էլ քաղաքապետարանն այս տարի այլ ծրագրերի հատկացրեցին։
Գործադիրը 300 հազար դոլար ուղղել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը, մոտ 9 միլիոն դոլար՝ բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Շաբաթասկզբին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գումարի մի մասով քաղաքապետարանը 12-մետրանոց 45 տրոլեյբուս է գնել:
Ավինյանը մետրոյի նոր կայարանի աշխատանքների ձգձգումը հիմնավորել էր նախագծի բարդությամբ, հայտարարել՝ այն բարդության 5-րդ աստիճանի է, և միայն պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ Հանրայինի եթերում էլ պարզաբանեց, թե գումարը չեն հասցրել ծախսել 2025-ին և ստիպված հատկացրել են քաղաքային այլ խնդիրների լուծմանը:
«Յուրաքանչյուր ծախսի վերաբաշխում իրականացվում է ծրագրի որոշակի բարդությունների հետ կապված: Մետրոյի նախագծի մեր պարզ փորձաքննությունը շատ երկար ժամանակ էր տևել, դա է միակ պատճառը, որ այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել և պլանավորում ենք ծախսել արդեն հաջորդ տարի: Եվ շատ տրամաբանական էր, որ էն գումարը, որը չէր ծախսվելու մետրոյի հողերի օտարման համար՝ խոսքը գնում էր հողերի օտարման մասին, պետք է արդեն նույնպես այդ ոլորտին տրամադրեինք և տրամադրել ենք 45 12-մետրանոց տրոլեյբուսների գնման համար», - ասաց Ավինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Շատ եք լոճվում». փոխադարձ մեղադրանքներ Երևանի ավագանու տարեվերջյան նիստինԱջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը դեռ չի սկսվում. փողն այլ ծրագրերի է ուղղվում5 տարի անց Փաշինյանը համարում է, որ Երևանի խնդիրներից երկուսը լուծված են. քաղաքացիները հիշեցնում են մյուսների մասին ևս«Աջափնյակի կայարանը կկառուցվի 48 ամսում»․ կառավարությունն ավելի քան1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿՆ-ինԱջափնյակի մետրոյի կայարանի կառուցման առաջին փուլի համար 554 միլիոն դրամ կհատկացվիԿառավարությունը որոշել է՝ կկառուցվի մետրոյի նոր կայարան, ֆինանսավորման աղբյուրները, սակայն, հստակ չենՄետրոյի նոր կայարանի նախագծի ու կառուցման համար անհրաժեշտ են տասնյակ միլիոն դոլարներ ու մի քանի տարիՆոր աղբավայրը
Քաղաքային նախորդ իշխանությունների ու նաև այս իշխանության խոստումներից մեկը Հայաստանի ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորի կառուցումն է։ Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմը խոստացել էր կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Այս հոկտեմբերին էլ քաղաքապետը խոստացավ՝ մինչև տարեվերջ քաղաքապետարանը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի առաջին փուլի մրցույթը կհայտարարի:
«Մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը», - հայտարարեց Ավինյանը: - «Քաղաքի համար սա և՛ բնապահպանական, և՛ անվտանգային հարց է: Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը: Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»:
Քաղաքապետարանից հայտնում են՝ մրցույթը եկող շաբաթասկզբին կհայտարարվի: Իսկ նոր աղբավայրի կառուցման շինարարության մի քանի մրցույթներն անցնող տարիներին անհաջող են եղել, առնվազն երեք անգամ հետաձգվել են։
Անցած շաբաթ քաղաքային իշխանությունները նոր աղբավայրի համար նոր ժամկետներ սահմանեցին, բայց ոչ՝ շինարարության մեկնարկի:
Քաղաքապետարանից հայտնում են՝ միայն 2026 թվականի վերջին հնարավոր կլինի մեկնարկել նոր աղբավայրի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների մրցույթները, եթե Կառավարությունը հաստատի ներդրումային ծրագիրը: