Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր ուժերին առաջարկում է միասնաբար վերահսկել ընտրությունները

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, արխիվ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի երկրորդ թեկնածուն՝ Իշխան Սաղաթելյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերին ընտրությունների վերահսկողությունն իրականացնել միասնաբար:

«Հրապարակային կհնչեցնեմ եմ այն առաջարկությունը, որ հինգ ամիս արել ենք քաղաքական ուժերին: Անկախ նրանից՝ ինչ տարաձայնություններ կան քաղաքական ուժերի միջև, ու անկախ նրանից, որ առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Խոսքն այս իշխանության ապօրինություններին ու հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու ու ընտրությունները վերահսկելու մասին է», - հայտարարել է Սաղաթելյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն առաջարկում է՝ այս հարցերի օրակարգով ընդդիմադիր ուժերը միասնական հանրահավաք հրավիրեն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքել է այս հայտարարություններին՝ գրելով. - «Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն, և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին:
Բայց լավ միտք է. հավաքվեք տեսնենք ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած ամեն ինչ պարզ է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրություններին առաջադրումները մեկնարկեցին. ովքեր և ինչ ձևաչափով են մտնում ընտրապայքարի մեջ