IRI․ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտի ( IRI) նախագահ Փիթեր Ռոսկամը հայտարարել է.- «Քվեարկության օրը ընտրական գործընթացները եղել են հանգիստ և լավ կազմակերպված։ Մենք բարձր ենք գնահատում ընտրական գործընթացի մասնակից պաշտոնյաների աշխատանքը՝ վստահելի և թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար»:

Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհուրդ է տալիս, որ պաշտոնյաները շարունակեն ջանքերը քվեների գնման սխեմաները նվազեցնելու և քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ուժեղացնելու ուղղությամբ, ինչը կօգնի շարունակել Հայաստանի ժողովրդավարական նպատակների առաջխաղացումը

IRI-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը խոսեց արտաքին միջամտությունից՝ սլաքներն ուղղելով դեպի ՌԴ.

«Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև մեր նախընտրական հարցումները, ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի»,- ասաց Նիքսը՝ ընդգծելով՝ ՀՀ-ի ընտրական համակարգը դիմակայեց արտաքին միջամտության լայնածավալ փորձերին:

Պատվիրակությունը շարունակելու է դիտորդական առաքելությունը կատարել հետընտրական զարգացումներն ուսումնասիրելու համար, իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին, որն ավելի խորը վերլուծություն և առաջարկներ կներառի՝ ապագա ընտրական գործընթացը բարելավելու համար: