Իրավապահները կրկին հայտնում են՝ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կրկին հայտնել է, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել, Ալավերդիում կան ձերբակալվածներ, նաև գաղտնալսումներ են հրապարակվել:

Կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

«Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել»,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ: