Իրավապահները կրկին հաղորդում են՝ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կրկին հայտնել է, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզում, կան ձերբակալվածներ:

Ըստ կոմիտեի՝ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200․000 դրամի չափով ընտրակաշառք: Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավապահները հաղորդում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ:

Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ: