Իրանը զգուշացնում է՝ ԱՄՆ պատժամիջոցներին միացող երկրները մասնակից կլինեն «պետական ահաբեկչության»

Իրանի ԱԳՆ շենքը Թեհրանում, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ տնտեսական ճնշման վերջին արշավը՝ զգուշացնելով բոլոր երկրներին, որ դրանց միանալը հավասարազոր է մեկ պետության անօրինական կամքը անկախ պետություններին պարտադրելուն, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Հայտարարությունում նախարարությունը պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, և Վաշինգտոնի կողմից տնտեսական պատերազմ հայտարարելը որակում է որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական հակամարտության շարունակություն։

Վաշինգտոնն այս շաբաթասկզբին հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ, ապա բոլոր երկրներին զգուշացրեց, որ կպատժվեն, եթե որևէ կերպ օգնեն Թեհրանի շրջանցել պատժամիջոցները:

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ նոր պատժամիջոցները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և մարդկության դեմ հանցագործություն՝ նշելով, որ դրանք լուրջ վտանգի տակ են դնում միլիոնավոր խաղաղ բնակիչների առողջությունն ու կենսապահովումը։

Թեհրանը նաև ՄԱԿ-ին և անդամ պետություններին մեղադրել է Վաշինգտոնի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումներին համարժեք չարձագանքելու մեջ՝ նախազգուշացնելով, որ դա խրախուսել է հետագա խախտումները։

Իրանը շարունակում է վճռականորեն տրամադրված լինել օգտագործելու բոլոր հասանելի միջոցները՝ երկիրը պաշտպանելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական և տնտեսական արշավից, ասվում է հայտարարությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կվերադառնա դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ն ընդունի, որ ճնշումն արդյունք չի տալիս. Արաղչի Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրաԿատարի վարչապետն այցելում է Թեհրան՝ միջնորդական ջանքերը շարունակելու համարԻրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ինչպե՞ս կազդեն Երևանի և Թեհրանի հարաբերությունների վրաՓեզեշքիան. «ԱՄՆ-ն այս փուլում տնտեսական ճնշմամբ ոչնչի չի հասնի»Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալԻրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ նոր պատժամիջոցներին, Վաշինգտոնն էլ չի բացառում նոր հարվածներըՔաթարը չի միանա ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներինՊակիստանը և Իրանը «զգալի առաջընթաց» են գրանցել հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցություններում․ Պակիստանի ՆԳ նախարարԱՄՆ-ն «տնտեսական գրոհ» է սկսում Իրանի դեմ՝ երրորդ երկրներից պահանջելով կտրել Թեհրանին կենսական աջակցություն ապահովող ուղիները