Իրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե Իրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ինքը երկրի վարչապետն է:

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ՝ Իրանը միջուկային զենք չի ունենա,- ասվում է Բենյամին Նեթանյահուի անունից նրա գրասենյակի տարածած հայտարարությունում,- Նախագահ Թրամփը և ես լիովին համաձայն ենք այս հարցում»։

Իսրայելի վարչապետը պնդել է, թե Իրանը «վաղուց արդեն ատոմային ռումբեր կունենար՝ Իսրայելը ոչնչացնելու համար», եթե ինքը քայլեր չձեռնարկեր դա կանխելու ուղղությամբ։

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, սա տեղի չի ունենա»,- հավելել է նա։

Իրանական լրատվամիջոցները հակասական տվյալներ են ներկայացնում միջուկային ծրագրի մասին: Կիսապաշտոնական Mehr գործակալությունը գրում է, որ ըստ բանակցվող փաստաթղթի 60-օրյա ժամկետում կողմերը պետք է բանակցեն միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու նպատակով:

Մինչդեռ իրանական պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ միջուկային ծրագրի մասին որևէ հիշատակում չկա փաստաթղթում: