Իրանը Հիրքանյան անտառի հրդեհի դեմ պայքարում միջազգային օգնություն է խնդրում

Իրան - Հրդեհը Հիրքանյան անտառում, նոյեմբեր, 2025թ.

Իրանը հրատապ միջազգային օգնություն է խնդրել՝ պայքարելու 2019 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր ճանաչված Հիրքանյան անտառներում արդեն շուրջ երեք շաբաթ մոլեգնող հրդեհի դեմ:

Հոկտեմբերի 31-ին Մազանդարան նահանգի Էլիթ գյուղի մոտ բռնկված հրդեհը մեկուսացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, և այն շարունակում է սպառնալ աշխարհի հնագույն և հարուստ կենսաբազմազանությամբ էկոհամակարգերից մեկին:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի տեղակալ Ջաֆար Քաեմփանահը X-ում գրել է, որ հրահանգվել է «շուտափույթ օժանդակություն խնդրել բարեկամական երկրներից»:

Իրանի շրջակա միջավայրի վարչության ղեկավար Շինա Անսարին ավելի ուշ հաստատել է, որ Թուրքիան հրդեհների դեմ պայքարի համար մասնագիտացված երկու օդանավ, մեկ ուղղաթիռ և 8-հոգանոց խումբ է ուղարկելու, «անհրաժեշտության դեպքում» Թեհրանը օգնություն կխնդրի նաև Ռուսաստանից:

Իշխանությունները պնդում են, թե կրակը բռնկվելուց օրեր անց վերահսկողության տակ է վերցվել, սակայն անցած հանգստյան օրերին հրդեհի «երկրորդ փուլ» է սկսվել: Բնապահպան ակտիվիստները և տեղացիները, մինչդեռ, պնդում են, որ հրդեհը անցած երեք շաբաթներին երբեք էլ չի տեղայնացվել ու շարունակաբար տարածվել է:

Մազանդարան նահանգի պաշտոնյաները համոզված են, որ հրդեհը առաջին հերթին մարդկանց անփութության, այլ ոչ թե բնական գործոնների հետևանք է:

Կասպից ծովի հարավային ափով ձգվող Հիրքանյան անտառը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ավելի քան 40 միլիոն տարվա պատմություն ունի, այնտեղ կան 500-ամյա և ավելի մեծ տարիքի ծառեր: