Արտաքին գործերի նախարարությունը երկրի հարավային Սիրիկ նավահանգստային քաղաքի մոտակայքում հարսանեկան տոնակատարության վայրին ԱՄՆ-ի զինուժի հասցրած հարվածը «ռազմական հանցագործություն» է որակել։
Ամերիկյան զինուժի հարվածի հետևանքով, ըստ իրանական Կարմիր մահիկի, առնվազն չորս մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխա, ևս 50 մարդ վիրավորվել է:
«ԱՄՆ նախաձեռնած այս անօրինական պատերազմի մասին ճշմարտությունը, և պատերազմական հանցագործության իրական դեմքը, թաքնված է Սիրիկում, որտեղ հարսանեկան արարողությունը դաժանորեն ռմբակոծվեց՝ որպես Ամերիկայի հուսահատ փորձ՝ թաքցնելու իր ձախողումը», - X-ում գրել է նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Իրանական կողմի հրապարակած տեսանյութում երևում են Սիրիկում տեղի ունեցած հարձակումից հետո հարսանիքի վայրի ավերածություններն ու վնասները, իսկ ֆոնին լսվում են մարդկանց ճիչեր։
«Ցավոք, սա բնակելի շենք է, և, ցավոք, սա տեղի է ունեցել դստերս հարսանեկան արարողության ժամանակ», - պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում ասել է հարսնացուի հայրը՝ Ալի Մալլահին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսն ասել է, որ «ամերիկյան զինված ուժերը երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց, ի տարբերություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի»:
Պատերազմի հենց առաջին օրը ամերիկյան զինուժը հարվածել էր իրանական Մինաբ քաղաքի օրիորդաց դպրոցին, ինչի հետևանքով 175-ից ավելի մարդ սպանվեց, մեծ մասը՝ դպրոցի աշակերտներ:
ԱՄՆ զինված ուժերը խոստովանեցին, որ դպրոցին հարվածել են Tomahawk հրթիռով՝ նշելով, սակայն, որ հարվածը սխալ թիրախավորման արդյունք է եղել: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ հարվածը դիտավորյալ է եղել:
ՄԱԿ-ը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են հարձակումը: