Իրանը չի ձգտում պատերազմել, բայց կարող է վճռական պատասխան տալ. Փեզեշքիան

Իրանը չի ձգտում պատերազմել, սակայն երկրի դեմ ագրեսիայի ոչ մի դրսևորում անպատասխան չի մնա, ԱՄՆ-Իրան վերսկսված հարվածների ֆոնին հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Մենք չենք ձգտում պատերազմի. սա մեր ուղերձն է եղել աշխարհին մինչև հիմա։ Սակայն ագրեսիայի դեպքում ձեռքներս ծալած չենք նստի. մենք կարող ենք վճռական պատասխան տալ»,- հայտարարել է նա։

Փեզեշքիանը նաև ասել է, որ տարածաշրջանում անկայունությունը կազդի բոլորի վրա և լուրջ խնդիրներ կստեղծի: «Անկայունությունը ոչ մի երկրի շահերից չի բխում»,- ընդգծել է նա։

Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը կիրակի հարվածել են Իրանի Լարակ կղզում գտնվող հրթիռների արձակման երկու կայանքի: Նշվում է, որ իրանական կողմը պատրաստվում էր դրանց միջոցով ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում, ինչն «անմիջական սպառնալիք» էր ներկայացնում:

Իրանական ուժերն իրենց հերթին բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ավիաբազան: Իրանական Mehr-ն էլ հաղորդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։