Իրանում մահապատժի են ենթարկել 2 տղամարդու՝ հունվարյան բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով

Իրանը մահապատժի է ենթարկել երկու տղամարդու՝ հունվարին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար, հաղորդում է իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը:

Աբոլֆազլ Սեփահի Բաջանին և Ամիրհոսեյն Սաֆարի Հոսեյնաբադին այն 12 անձանց թվում էին, որոնք մահապատժի էին դատապարտվել հունվարի 8-ին Սպահանի Ալիխանի հրապարակում անվտանգության ուժերի անդամների սպանությանը մասնակցելու մեղադրանքով: Նույն գործով դատապարտված ևս երկու անձ ավելի վաղ մահապատժի էին ենթարկվել։

Հունվարին ամբողջ Իրանում տեղի ունեցան լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք ճնշվեցին Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենախիստ բռնաճնշումներով։ Այդ գործողությունների ընթացքում անվտանգության ուժերը սպանեցին հազարավոր ցուցարարների։

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի փորձագետները հայտարարեցին, որ 2026 թվականի ընթացքում մինչ այժմ առնվազն 24 մարդ մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների հետ կապված գործերով։

Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի, Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է:

Իրանը Միացյալ Նահանգների հետ պատերազմական վիճակում է գտնվում փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին օդային հարվածներ հասցնել Իրանին, թեև հունիսին կնքված հրադադարի համաձայնագրի արդյունքում ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին։

Շաբաթ օրը Վաշինգտոնը անսպասելիորեն դադարեցրեց Իրանի դեմ վերսկսված երկշաբաթյա օդային հարվածների արշավը։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե բանակցությունները համաձայնության չհանգեցնեն, ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները։