Չնայած բանակցությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին՝ Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին: Միայն Թեհրանում վերջին 24 ժամում 12 մարդ է սպանվել, վիրավորվել 28-ը, վնասվել է մեկ դպրոց: Կրթության նախարարության տվյալներով՝ պատերազմի ընթացքում Իրանում առնվազն 243 աշակերտ և ուսուցիչ է սպանվել:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի հյուսիսային Սաֆադ քաղաքում գտնվող ռազմաբազային, նաև օբյեկտների Թել Ավիվում, Կիրյաթ Շմոնայում և Բնեյ Բրակում։ Մեկ տասնյակից ավելի վիրավոր կա:
Իրանը նաև հարվածել է ամերիկյան բազաներին Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, որտեղ թիրախավորվել է նաև միջազգային օդանավակայանը:
Իսրայելը հարվածել է նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Վերջին մեկ օրում առնվազն 33 մարդ է սպանվել, վիրավորվել 20-ից ավելի: Եվս չորսը սպանվել են Գազայում:
Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին: Շարժման օրենսդիրներից Հասան Ֆադլալլահը հայտարարել է, որ Իսրայելը միշտ ձգտել է գրավել Լիբանանի հարավը: Սակայն շարժումը կպայքարի, որ կանխի դա.
«Դիմադրության մարտիկները պայքարում են՝ թույլ չտալու, որ Իսրայելն այդ տարածքում հասնի իր նպատակին։ Սա գոյաբանական սպառնալիք է Լիբանանի համար՝ որպես պետություն … Հետևաբար, մենք այլընտրանք չունենք, քան դիմակայել այս ագրեսիային և պահպանել մեր հողը»,- ասել է Ֆադլալլահը: