Իրանն ԱՄՆ-ին է մեղադրում Օմանի հետ Հորմուզի շուրջ համաձայնագրի ձգձգման համար

Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցություններում համաձայնության ձեռք բերումը հետաձգվում է ԱՄՆ միջամտության և ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով, իրանական Sepah News-ին ասել է բանակցություններին ծանոթ իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում։

«Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքի հետաձգման հիմնական պատճառը ԱՄՆ միջամտությունն ու Թրամփի սպառնալիքներն են», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, թե համաձայնագրի ձեռք բերումը կհետաձգվի այնքան ժամանակ, «քանի դեռ գոյություն ունեն ԱՄՆ միջամտությունը և Իրանի դեմ ռազմական հարձակման սպառնալիքները»։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ «Իրանը սպառնալիքների պայմաններում որևէ համաձայնագիր չի կնքի»։

Իրանի պետական Press TV հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մտել են «նոր փուլ», և կողմերը մոտ են փոխըմբռնման։ Հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հեռուստաալիքը հայտնել է, որ բանակցությունների «նպատակն է Հորմուզի նեղուցով միջին միջանցք ստեղծել՝ անվտանգ նավարկություն ապահովելու և Իրանի՝ որպես ափամերձ պետության իրավունքները պաշտպանելու համար»։ Ըստ պաշտոնյայի՝ գործարկվելուց հետո նոր միջանցքը կփոխարինի ինչպես գոյություն ունեցող հյուսիսային, այնպես էլ հարավային երթուղիներին։

Ընդամենը 34 կմ լայնությամբ նեղուցը միջազգային նավագնացության երթուղի է, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։ Պատերազմից առաջ նավերն անցնում էին ՄԱԿ-ի կողմից հաստատված երթևեկության երկկողմ ուղիներով, որոնք անցնում էին ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի ջրերով:

Սակայն, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների` Իրանը նեղուցով անցնող բոլոր նավերին հրամայեց հետևել նոր երթուղու՝ Լարակ կղզու շուրջ իր ջրերով կամ այսպես կոչված հյուսիսային երթուղով։ Հունիսին` հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ-ն առաջ մղեց Օմանի ափերով անցնող այլընտրանքային երթուղին, որը հայտնի է որպես հարավային երթուղի։ Իրանը, սակայն, դեմ արտահայտվեց այս գաղափարին և նոր հարձակումներ սկսեց նեղուցով անցումն իր հետ չհամակարգող նավերի վրա։

Երեքշաբթի ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունները «դրական» են եղել թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական մակարդակներում և կենտրոնացած են եղել Հորմուզի նեղուցով ծովային անցման համար անվտանգ երթուղիների որոշման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ բանակցություններ են ընթացելՌուբիո․ «Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»Իրանը մտադիր չէ ընդլայնել պատերազմը․ Փեզեշքիան