Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության հնարավոր փոխըմբռնման հուշագրի շրջանակում քննարկված բազմաթիվ թեմաների շուրջ արդեն որոշակի եզրահանգումների են եկել, սակայն դա չի նշանակում, թե Թեհրանը մոտ է համաձայնագրի ստորագրմանը:
Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային հավելել է, որ «Իրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ և ներկայումս չի քննարկում միջուկային ծրագրի հարցը, ինչպես նաև կրկնել է, որ ԱՄՆ պաշտոնյաների դիրքորոշումների փոփոխությունները խնդիրներ են ստեղծում ցանկացած համաձայնության համար»։
Խոսնակը հավելել է, որ եթե հուշագիրը վերջնականապես համաձայնեցվի, որոշ մանրամասներ և այլ թեմաներ, այդ թվում՝ միջուկային հարցը, կբանակցվեն 60-օրյա ժամկետում։
Բաղային նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը կարող է «խափանել» բանակցությունները։
«Սիոնիստական կազմավորումները ամեն ինչ անում են համաձայնագիրը խափանելու համար, և ակնկալում ենք, որ Իսրայելը որոշ գործողություններ կանի», - ասել է նա։
«Ոչինչ չի բացառվում, սակայն երկրների, այդ թվում՝ սիոնիստական կազմակերպությունների կողմից պատերազմի և ռազմական գործողությունների մասին կոչերը լայնորեն լուսաբանվում են լրատվամիջոցներում, և դա կարող է ազդել ամերիկացի պաշտոնյաների վրա», - հավելել է նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կա՛մ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կա՛մ այդ երկրի հետ «այլ կերպ» կվարվի: Պետքարտուղարը, սակայն, շեշտել է՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի հակամարտությունը դիվանագիտությամբ լուծելու համար՝ նախքան «այլընտրանքներին» դիմելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծ մասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։ Իրանից հարստացված ուրանի դուրսբերումը գործարքի կնքման համար Վաշինգտոնի գլխավոր պահանջներից մեկն է, Reuters-ի իրանցի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այդ հարցի շուրջ համաձայնություն չկա: