Մինչ Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ են մղում Իրանի դեմ, Թեհրանը ընդլայնում է հակամարտության թատերաբեմը և բարձրացնում պատերազմի գինը Վաշինգտոնի համար, ասում են փորձագետները։
Փետրվարի 28-ից ի վեր Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմական բազաները, ինչպես նաև կարևոր էներգետիկ և առևտրային օբյեկտները Միացյալ Նահանգների դաշնակից երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քուվեյթում, Բահրեյնում և Քաթարում։
«Նպատակն է բարձրացնել Միացյալ Նահանգների վճարելիք գինը՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն՝ Վաշինգտոնին համոզելու, որ նա չի կարող հաջողության հասնել այս պատերազմում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի գիտաշխատող Համիդռեզա Ազիզին։
«Թեհրանը ցանկանում է ցույց տալ, որ սա պատերազմ է, որում Միացյալ Նահանգները չի կարող հաղթել, և, հետևաբար, պետք է այն հնարավորինս շուտ ավարտի»։
ԱՄԷ - Իրանի հարձակումից հետո Զայեդ նավահանգստից ծուխ է բարձրանում, 1-ը մարտի, 2026թ.
Նախորդ բախումների ժամանակ, այդ թվում՝ 2025 թվականի հունիսին՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ ևս Իրանը թիրախավորել է ԱՄՆ ռազմական բազաները և այլ օբյեկտներ, սակայն այդ գործողությունները մեծ մասամբ խորհրդանշական բնույթ էին կրում։
Փորձագետների կարծիքով, Իրանի ռազմական կեցվածքը հիմնովին փոխվել է փետրվարի 28-ից հետո, երբ Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվեցին Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և ուժային բլոկի մի շարք կարևոր պաշտոնյաներ։
«Իրանը, կարծես, խաղադրույք է կատարում ԱՄՆ վարչակազմի և նրա դաշնակիցների՝ էներգակիրների գների աճի նկատմամբ զգայունության վրա», - ասել է Ազիզին, հավելելով. - «խոսքը միայն տարածաշրջանի մասին չէ, այլ համաշխարհային շուկայի, որն առանց այդ էլ կրում է Ուկրաինայում պատերազմի հետևանքների ազդեցությունը»։
Աշխարհի նավթի մատակարարման մոտ մեկ հինգերորդը անցնում է Հորմուզի նեղուցով՝ նեղ ջրային ճանապարհ, որը կապում է Պարսից ծոցը բաց օվկիանոսի հետ։ Իրանը նախկինում դիտարկել է երթուղին փակելու հարցը, ինչը կխաթարի համաշխարհային նավթի հոսքերը։
Մարտի 1-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խոստովանեց, որ երկրի արաբ հարևանները «դժգոհ» են Իրանից, սակայն կոչ արեց նրանց «հասկանալ», որ պատերազմը սկսել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։
«Նրանք [Ծոցի երկրները] չպետք է մեզ վրա ճնշում գործադրեն այս պատերազմը դադարեցնելու համար։ Նրանք պետք է ճնշում գործադրեն մյուս կողմի վրա», - ասաց Արաղչին։
Հորմուզի նեղուցը, արխիվ
Վաշինգտոնի ինստիտուտի պաշտպանության մասնագետ Ֆարզին Նադիմիի խոսքով՝ Իրանը դասեր է քաղել անցյալի անհաջողություններից՝ գործի դնելով իր ամենաժամանակակից միջոցները, ինչպիսիք են «Ֆաթթահ-1» և «Խեյբար Շեքան» բալիստիկ հրթիռները։ «Նպատակն է ապահովել, որ ԱՄՆ-ի ու դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերը և ապաստարաններում գտնվող քաղաքացիական բնակչությունը մշտական լարվածության տակ լինեն», - ասել է Նադիմին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը։
Մի քանի օրվա ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել են Քաթարում հեղուկ գազ արտադրող խոշոր գործարանին, Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանին, Քուվեյթում տեղակայված ամերիկյան բազային և ԱՄԷ-ում խոշոր օդանավակայանին, ինչպես նաև այլ թիրախների։
Իրենց հերթին, Միացյալ Նահանգները և Իսրայելը արձագանքել են նոր մակարդակի համառությամբ:
«Գոյատևումը վտանգված է»
Վաշինգտոնի համար մարտահրավեր է՝ արդյոք իր օդային արշավի հզորությունը կկարողանա կոտրել Թեհրանին, նախքան տնտեսական հետևանքները կկոտրեն ԱՄՆ դաշնակիցների վճռականությունը։
Պարսից ծոցի երկրները, որոնք նախկինում Իրանին զսպելու եռանդուն կողմնակիցներ էին, ըստ որոշ տեղեկությունների՝ ավելի ու ավելի զգուշավոր են դառնում՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրված Patriot և Aegis պաշտպանական համակարգերի ծանրաբեռնվածության ֆոնին։
Նադիմին զգուշացրել է, որ «այդ «աչքերից» [ռադարներից] մեկը կուրացնելը կարող է ազդել տարածաշրջանում ողջ հակահրթիռային պաշտպանության ցանցի կենսունակության վրա»։ Վերջիվերջո, հակամարտությունը դուրս է եկել ավանդական «ծախս-օգուտ» բանաձևից։
«Երբ ռեժիմները ընկալում են, որ իրենց գոյատևումը վտանգված է, նրանք կարող են դիմել ծայրահեղ միջոցների, որոնք չեն տեղավորվում ռացիոնալ հաշվարկների մեջ», - նշել է Ազիզին, հավելելով. - «գոյաբանական իրավիճակներում այլ փաստարկների մեծ մասը կորցնում է իմաստը։ Որոշումների կայացումը կենտրոնանում է գոյատևման վրա, և սա այն շրջանակն է, որի միջոցով պետք է դիտարկել այս՝ միմյանց հյուծելու պատերազմը»։