«Փլուզում չի եղել և երբեք չի լինի». Իրանի ԿԲ նախագահը պնդում է՝ բավարար արտարժույթ ունեն

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանն ունի արտարժույթի բավարար պահուստներ, և երկրում տնտեսական փլուզում չի լինի, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը: Աբդոլնասեր Հեմմատին արձագանքել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, թե Թեհրանը հարձակվում է, քանզի հասկանում է, որ պարտվում է տնտեսական պատերազմում։

Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հեմմատին ասել է, որ Կենտրոնական բանկը պատրաստ է մինչև 2 միլիարդ դոլար ներարկել արտարժույթի շուկա՝ վերջին շրջանում նկատվող անկայունությունը հանդարտեցնելու համար:

«Միացյալ Նահանգների նախագահին ես ասում եմ՝ Իրանն ունի [արտարժույթ] և բավականաչափ», - ասել է նա:

Իրանի ԿԲ նախագահի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խոստովանեցին, որ ԱՄՆ պատժամիջոցներն ու Իրանի ռազմածովային շրջափակումը տնտեսության համար դժվարություններ են ստեղծում: Ըստ Al Jazeera-ի՝ Հեմմատիի հայտարարությունը նաև նպատակ ունի հանգստացնել շուկաները:

Իրանցի պաշտոնյան ասել է, որ Կենտրոնական բանկը շարունակում է հավաքել արտարժույթով դեբիտորական պարտքերը և ունի ներքին պահուստներ, ինչպես նաև այլ ռեսուրսներ, թեև հավելել է, որ դրանց մանրամասները չի կարող գաղտնազերծել:

«Ես մարդկանց անկեղծորեն ասում եմ, որ տնտեսական պայմանները և կենսապահովման կառավարումը դժվարացել են, բայց փլուզում երբեք չի եղել և երբեք չի լինի։ Այս հայտարարությունները պարզապես հոգեբանական պատերազմ են, և ամեն ինչ շուտով իր տեղը կընկնի», - ասել է Հեմմատին։

Օգոստոսին իրանական արժույթն անկում ապրեց մինչև ռեկորդային ցածր մակարդակի՝ գերազանցելով մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 2 միլիոն ռիալի հոգեբանական շեմը, իսկ հուլիսին տարեկան գնաճը հասել է 66 տոկոսի։

Վաշինգտոնը ավելի ու ավելի է օգտագործում տնտեսական ճնշումը՝ Թեհրանին ստիպելու կատարել իր պահանջները: Ֆինանսների նախարար Սթոք Բեսենթն անցած շաբաթասկզբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն տնտեսական նոր պատերազմ է սկսում Իրանի դեմ և զգուշացրեց, որ Իրանի հետ բիզնեսով զբաղվողները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատժամիջոցների նպատակն է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Բեսենթ