Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը «նշանակալի պահ է ԱՄՆ-ի համար», որը կվերացնի Թեհրանի միջուկային սպառնալիքը և «հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Ջեյ Դի Վենսի խոսքով՝ նախ անհապաղ կբացվի Հորմուզի նեղուցը, կվերացվի ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը: «Երկրորդ՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա և չի ձգտի ձեռք բերել կամ չի փորձի գնել միջուկային զենք։ Սա ներառված է այս համաձայնագրում», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։
«Եթե իրանցիները կատարեն այս գործարքի պայմանները, այն հիմնարար կերպով կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում։ Այն վերջ կդնի պատերազմին, Մերձավոր Արևելքը կդարձնի ավելի գրավիչ ներդրումների համար։ Դա կնշանակի մեծ բարգավաճում, էներգակիրների գների իջեցում ամերիկյան ժողովրդի համար», - ասել է նա:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Մերձավոր Արևելքը երկար ժամանակ ծանր վիճակում է եղել, և ԱՄՆ նախագահը հանձնարարել է վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը, ինչն այս գործարքով արվում է։ Եվ հիմա, ըստ նրա, հնարավորություն է ստեղծվում Մերձավոր Արևելքի բարգավաճման և հաջողության նոր դարաշրջան կառուցել, երբ ԱՄՆ-ն ոչ թե կմտահոգվի տարածաշրջանով, այլ կարող է մեծ բարգավաճում ստեղծել ամերիկյան ժողովրդի համար հենց Մերձավոր Արևելքի շնորհիվ։
«Դա շատ, շատ մեծ հաղթանակ է։ Եվ այս ամենը տեղի ունեցավ, քանի որ նախագահը չհանձնվեց»,- ասել է Վենսը։