Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Iran Airtour-ի ինքնաթիռը վայրէջք է կատարում Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում

Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ազգային ավիափոխադրող Azerbaijan Airlines-ին։

Որոշումն Ադրբեջանը բացատրել է Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմամբ։

ԱՄՆ-ի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարեց Իրանի դեմ տնտեսական խստագույն պատժամիջոցների շրջանակում Իրանի քաղաքացիական ավիացիայի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին:

Այդ ժամանակ պատժամիջոցների սահմանվեցին ընդհանուր առմամբ 36 սուբյեկտի դեմ՝ «Իրանի ավիացիոն ոլորտին աջակցելու համար, որը, ըստ ԱՄՆ-ի, Իրանն օգտագործում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար»: Դրանց թվում էին 27 իրանական առևտրային ավիաընկերություններ, այդ թվում՝ Air Shiraz, Asa Jet Airline, Ata Airlines Company, Atlas Aviation Group, Ava Airlines, Fly Kish Airlines ավիաընկերությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել

Իրանական ընկերություններից բացի, պատժամիջոցների ցանկում ներառվեցին նաև երրորդ երկրների կազմակերպություններ, որոնք նպաստում են իրանական ավիաընկերությունների գործունեությանը: Մասնավորապես, պատժամիջոցներ կիրառվեցին ղազախական Tour Invest ընկերության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այս ընկերությունը գործել է որպես Mahan Air-ի՝ Իրանի ամենամեծ մասնավոր ավիաընկերության վաճառքի հարցերով գլխավոր գործակալ, որի նկատմամբ ԱՄՆ-ն նախկինում պատժամիջոցներ էր կիրառել:

«Ցանկացած օտարերկրյա ընկերություն կամ անհատ, որն օգնություն է ցուցաբերում պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերություններին, այդ թվում՝ ինքնաթիռների տեղափոխման, բեռնափոխադրման կամ ընդհանուր վաճառքի գործակալների աջակցության միջոցով, կբախվի ծանր հետևանքների՝ ահաբեկչության աշխարհի առաջատար պետական հովանավորին աջակցելու համար», - այդ ժամանակ հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Երեկ էլ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից ամբողջ աշխարհում կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունը։ CNBC-ին տված հարցազրույցում Բեսենթը ներկայացրել էր այն միջոցառումները, որոնք վերաբերում են ամսվա սկզբին իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունը. Բեսենթ

Նա նշել էր, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք կշարունակեն ծառայություններ մատուցել պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերություններին, կարող են զրկվել ԱՄՆ դոլարային ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։

Բեսենթը նաև հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը թիրախավորում է այն բանկերին, որոնք որոնց մեղադրում է Իրանի կառավարությանը միլիարդավոր դոլարներ փոխանցելու մեջ։ Նա հայտնել էր, որ երեք բանկ արդեն ենթարկվել է պատժամիջոցների, և զգուշացրել է, որ դրանց համապատասխան գործառնությունները կդադարեցվեն։