ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը «շատ բարձր» է՝ ռազմական ուժերի կուտակման և զորավարժությունների ֆոնին

Միացյալ Նահանգների ռազմական ուժերի տեղակայումը Մերձավոր Արևելքում առիթ է տալիս ենթադրությունների, որ զորավարժությունները կարող են քողարկել Իրանին հարվածելու նախապատրաստությունները:

Մինչ Վաշինգտոնը պնդում է, որ որոշում դեռևս չի կայացվել, վերլուծաբանները մատնացույց են անում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղակայումը, լարվածության աճը և մինչ այդ առկա ռիսկերը:

Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռազմական հարվածներ հասցնել Իրանին, երբ Իրանի իշխանությունները հազարավոր մարդկանց սպանեցին հակակառավարական բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու ժամանակ: Թրամփը վերջերս հետքայլ կատարեց, սակայն չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունը։

Աբուզար մզկիթը, որը վնասվել է 2025-ի դեկտեմբերի 29-ից ի վեր երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Փորձագետները նշում են, որ ռազմական ուժերի կուտակումը, ինչպես նաև տարածաշրջանում նախատեսված ԱՄՆ ռազմածովային զորավարժությունները մեծացնում են Իրանի վրա ճնշումը և ընդարձակում ռազմական արձագանքի տարբերակները, եթե Վաշինգտոնը որոշի հարձակվել Իրանի վրա:

«Սա կարող է Իրանին հասցեագրված ուղերձ լինել, որ մենք պատրաստ ենք, մեր հնարավորությունները տեղում են», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանն ասել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզին Նադիմին։

Նադիմին հավելել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների հավանականությունը «շատ բարձր է»՝ մատնանշելով Պարսից ծոցում ամերիկյան «բացահայտ ագրեսիվ» ռազմական կուտակումները։

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և երեք ուղեկցող կործանիչ նավերը շարժվում են դեպի Մերձավոր Արևելք՝ տեղափոխելով ավելի քան 5 հազար զինվորական։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում տեղակայվել են F-15E Strike Eagle կործանիչներ։

Զուգահեռ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 25-ին հայտարարել են, որ պատրաստվում են Մերձավոր Արևելքում ռազմական վարժանքներ սկսել՝ «ցույց տալու տարածաշրջանում մարտական օդուժ տեղակայելու, ցրելու և պահպանելու կարողությունը»։

Այս ակտիվությունը հիշեցնում է անցյալ տարվա իրադարձությունները, երբ Վաշինգտոնը ռազմական միջոցներ տեղափոխեց տարածաշրջան, ինչից հետո Իսրայելը, ապա նաև Միացյալ Նահանգները օդային հարվածներ հասցրեցին Իրանի միջուկային օբյեկտներին։

Իրանի զինված ուժերի էլիտար ճյուղը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), արձագանքել է՝ բարձրացնելով տագնապի մակարդակը և կոչ անելով Իրաքում, Լիբանանում և Եմենում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին աջակցել Թեհրանին։

Ռիսկեր

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական մի շարք տարբերակներ՝ սկսած շաբաթներ կամ ամիսներ տևող երկարատև օդային արշավից մինչև Իրանի անվտանգության ուժերին թիրախավորող համեստ և հիմնականում խորհրդանշական հարվածներ։ Ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել են նաև ոչ ռազմական, այդ թվում՝ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների տարբերակը։

Փորձագետները նշում են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն պարունակում է ռիսկեր և կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Թեհրանը արդեն սպառնացել է հարվածել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների առանցքային դաշնակից Իսրայելին։

«ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի դիմաց վճարվելիք գինը անկանխատեսելի է՝ ԱՄՆ դաշնակիցների դեմ հակահարվածից մինչև Պարսից ծոցի նավերի վրա հարձակումներ: Տարածաշրջանային գործընկերները չեն ցանկանում վճարել այդ գինը», - «Ազատության» իրանական ծառայությանն ասել է իրանցի նախկին դիվանագետ Մեհրդադ Խանսարին:

Տարածաշրջանի երկրները կոչ են արել Վաշինգտոնին զսպվածություն ցուցաբերել՝ մտահոգված, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է տարածաշրջանային հակամարտության պատճառ դառնալ:

Իրանցի նախկին դիվանագետ Խանսարին պնդել է, որ միայն օդային հարվածները՝ առանց ցամաքային ներխուժման, Իրանում չեն բերի ռեժիմի փոփոխություն, եթե դա է Վաշինգտոնի վերջնական նպատակը։ Իսկ ցամաքային ներխուժումն Իրան՝ Մերձավոր Արևելքի ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիր, ի սկզբանե անհաջող մտահղացում է, ասում են ռազմական փորձագետներից շատերը:

Ինչպե՞ս կարող է տեղի ունենալ հարվածը

Նադիմին ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է օգտագործել էլեկտրոնային պատերազմի միջոցներ և կիբերհարձակումներ՝ իրանական ռադարային և կապի ցանցերը խափանելու համար: Անտեսանելի ռմբակոծիչներն ու կործանիչները կարող են ռադիոլռության պայմաններում հաղթահարել օդային պաշտպանությունը՝ հարվածելով հրամանատարական կենտրոններին և հրթիռային կայաններին։
Սակայն փորձագետների կարծիքով՝ Իրանը անպաշտպան չի մնա հակամարտության դեպքում։

Թեհրանն ունի թևավոր հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Պարսից ծոցի սահմանափակ ջրերում գտնվող ամերիկյան ռազմանավերին, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանային ռազմաբազաներին։ Իրանը նույնիսկ ակնարկել է այս մասին՝ շաբաթավերջին Թեհրանի գլխավոր հրապարակում մեծ պաստառ տեղադրելով, որի վրա պատկերված է հրթիռների տարափի տակ հայտնված ամերիկյան ավիակիրը։

Նույնիսկ եթե Վաշինգտոնը դիմի հիմնականում խորհրդանշական բնույթ կրող հարվածի, Իրանը, հավանաբար, նույն կերպ կպատասխանի, ասել է Նադիմին։

Գրված է «Ռադիո Ֆարդա»-ի թղթակիցներ Ռոյա Քարիմի Մաջդի և Հաննա Քավիանիի հաղորդումների հիման վրա