Իրանում կարող են քրեական պատասխանատվության ենթարկել «թշնամական» համարվող օտարերկրյա լրատվամիջոցների և արտասահմանի այլ կառույցների հետ շփվելու համար․ պահպանողականների գերակշռությամբ խորհրդարանը հավանություն է տվել այս մասին օրինագծին։ Իշխանությունները նախաձեռնությունը ներկայացնում են որպես երկրում օտարերկրյա «ներթափանցման» դեմ պայքարի միջոց։
Օգոստոսի 16-ին 290-տեղանոց խորհրդարանի 183 պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին։
Այն արգելում է հարցազրույցներ տալ, քննարկումների մասնակցել կամ այլ կերպ կապ հաստատել ամերիկյան, իսրայելական կամ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների հետ։
Օրինագիծը նաև արգելում է տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ կամ այլ տեղեկություններ փոխանցել արտասահմանյան լրատվամիջոցներին կամ արտերկրում լրատվական գործունեությամբ զբաղվող անձանց։
Նախաձեռնությունը ներկայացվում է այն ժամանակ, երբ Իրանում ավելի են խստանում լրագրողների և այն անձանց նկատմամբ ճնշումները, որոնք կապ են պահպանում Թեհրանի կողմից «թշնամական» համարվող կազմակերպությունների հետ։
Մինչև երկու տարվա ազատազրկում՝ խախտման դեպքում
Ըստ օրինագծի, դրույթները խախտելու համար նախատեսվում է վեց ամսից երկու տարվա ազատազրկում։
Ֆինլանդիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Քամբիզ Ղաֆուրին «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությանը՝ «Ռադիո Ֆարդա»-ին ասել է, որ այս օրենքը կարող է «Իրանը վերածել Հյուսիսային Կորեայի»։
Sentenced To 15 Years For Photography In Iran: The Images Of Iranian Yalda Moaiery
«Ներթափանցումը հասարակության մեջ չի լինում, այլ՝ իշխանական համակարգում։ Բայց անվտանգության կառույցներին նայելու փոխարեն՝ նրանք լրագրողների հետևից են ընկնում», -ասել է Ղաֆուրին։
Նրա խոսքով՝ եթե իշխանություններն իսկապես ուզում են հասկանալ, թե որտեղ են անվտանգության համակարգի բացերը, «նախ իրենք պետք է պատասխանատվություն կրեն»։
Սահմանափակումներ նաև մշակույթի և գիտության ոլորտներում
Օրինագիծը միայն լրագրողներին ու լրատվամիջոցներին չի վերաբերում։ Այն սահմանափակումներ է նախատեսում նաև մշակութային, կրթական և գիտական գործունեության համար։
Այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ կապ հաստատելուց առաջ Իրանի քաղաքացիները պետք է պետական հատուկ համակարգի միջոցով տեղեկացնեն հետախուզության նախարարությանը։ Այսինքն՝ հարցազրույց տալուց առաջ նրանք փաստացի պետք է ստանան հավանություն կամ առնվազն տեղյակ պահեն իշխանություններին։
Հնարավոր խախտումների քննությամբ զբաղվելու են Իրանի հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը։
Խորհրդարանի հավանությանն արժանացած մյուս դրույթներով նրանք, ում աշխատանքները իշխանությունները կհամարեն «հակաիսլամական» կամ երկիրը բացասական լույսի ներքո ներկայացնող, ցմահ կզրկվեն ֆիլմեր, վավերագրություններ, ներկայացումներ, երաժշտություն կամ գրքեր հեղինակելու իրավունքից։
«Իրանական մշակույթին անհամատեղելի» համարվող դասընթացներ կամ սեմինարներ կազմակերպողների համար էլ նախատեսվում է հինգից տասը տարվա ազատազրկում, իսկ դրանց մասնակիցները կարող են դատապարտվել մինչև երկու տարվա կալանքի։
Առանց կառավարության թույլտվության օտարերկրյա համալսարանների կամ գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության համար ևս նախատեսվում է վեց ամսից երկու տարվա ազատազրկում։
«Նույնիսկ գիտությունը պետք է անցնի անվտանգության կառույցների գրաքննության միջով», - ասել է փորձագետ Ղաֆուրին՝ հավելելով, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել իրանցիներին և «փակել նրանց բերանը»։
Օրինագիծն ուժի մեջ կմտնի, երբ ստանա Իրանի Պահապանների խորհրդի հավանությունը։
Իրանում անկախ լրագրությունն ու տեղեկատվունն արդեն իսկ խիստ սահմանափակման տակ է։Իրավապաշտպան կազմակերպությունները նաև պարբերաբար մեղադրում են իշխանություններին «լրտեսության» շինծու մեղադրանքներով մարդկանց հետապնդելու և մահապատժի ենթարկելու մեջ։
Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Իրանում արդեն առնվազն 472 մահապատիժ է իրականացվել։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Կուրտ Ֆոլքերը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները մահապատիժն օգտագործում են «բնակչության շրջանում վախ սերմանելու և այլակարծությունը ճնշելու համար»։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Իրանը 180 երկրներից 177-րդ տեղում է։ Կազմակերպությունը նշում է լրագրողների ձերբակալությունները, հսկողությունը, հետապնդումները, գրաքննությունը և երկարատև ազատազրկումները։