Ինքնակա՞մ կառույց, թե՞ սեփական տարածք. Աջափնյակում քանդեցին կրպակները

Վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի բուլդոզերները մտան Շինարարների փողոց ու քանդեցին այնտեղ երեք տասնամյակ գործող կրպակները: Հողին հավասարեցվեց նաև Նահապետյանների խանութի մի մասը, որի համար Վարչական դատարանի երեկվա որոշմամբ քանդման արգելք էր սահմանվել:

«Մինչև դատարանի որոշումը որտեղ ունես՝ չենք կպնում, ինչը դատարանի որոշման մեջ չկա, [...] ինքնակամ է, որը չի մտնում էդ վկայականի մեջ, դա ապամոնտաժվում է, մնացածը քանդում ենք հիմա», - հայտարարում էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը:

Բուլդոզերների փոշուն ու աղմուկին միախառնվել էին մարդկանց բողոքները:

Սարգսյանն անձամբ էր հետևում ապամոնտաժմանը, փորձում բացատրել, թե ինչու է հողին հավասարեցնում խանութի մի մասը: Ըստ նրա՝ խանութի 6 մետրը Նահապետյաններն ինքնակամ են ավելացրել:

Հարցին՝ դատարանի որոշումը կարդացե՞լ է, Աջափնյակի թաղապետն արձագանքեց. - «Անկեղծ ասած՝ ոչ, դա ինձ համար անհասկանալի է, ո՞նց կարա, ժողովուրդ ջան, սա հանրային գերակա շահ է, էն, ինչ վրա դատարանը դրել է արգելանք, որը անհասկանալի է ինձ համար, սա հանրային գերակա շահ է, ի՞նչ է նշանակում՝ արգելանք դրվի սրա վրա, չէ, ոչ: Դա էս տվյալ շինությունները՝ և՛ տեղադիրքով, և՛ իրենց մակերեսներով, վերակառուցման արդյունքում տարիներ շարունակ չեն համապատասխանում էն շինությանը, որը իրենք վկայականով ցույց են տալիս»:

Վարչական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ բողոքն ընդունել է վարույթ և մինչև գործի վերջնական քննությունն արգելել քանդել Մկրտիչ Նահապետյանին պատկանող խանութը: Դատարանն ընդգծել է՝ սեփականության վկայականով 84 քառակուսի մետր մակերեսով խանութը պատկանում է Նահապետյանին, իսկ այն ինքնակամ կառույց համարելու ապացույցներ չկան։

«Փորձը ցույց է տալիս, որ սկզբում բոլորը ինքնավստահ են, մինչև հասնում են դատարանի դահլիճ: Այնպես որ, կխոսենք էն ժամանակ, երբ որ վարույթները կհարուցվեն, որովհետև այս ինքնիրավչությունը աննախադեպ է», - հայտարարեց խանութի սեփականատիրոջ փաստաբան Վարսիկ Հովսեփյանը՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահներին:

Թաղապետի պնդմանը, թե միայն խանութի ինքնակամ հատվածն են քանդում, փաստաբանը հակադարձում է՝ թաղապետն ու մյուսները անտեսել են դատարանի որոշումը, որը հստակ է՝ չքանդել կոնկրետ հասցեի խանութն ամբողջությամբ:

«Քանի որ սա Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է, նաև դիմելու ենք իրավապահ մարմիններին, թաղապետից սկսած ով որ հրաման է տվել և ով որ փաստացի իրագործել է դատարանի որոշման արգելքի շրջանցումով՝ բոլորը պետք է պատասխան տան օրենքով սահմանված կարգով», - պնդեց Հովսեփյանը:

Կրպակատերերին աջակցելու էին եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորները, որոնք պարբերաբար վեճի էին բռնվում թաղապետի ու մյուսների հետ:

Թաղապետը պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին մեղադրեց, թե իրավիճակը լարում է, որովհետև կնոջ հայրն այնտեղ բենզալցակայան ունի: Մանուկյանը հակադարձեց, թե աներոջ սեփականությունն օրինական է: Ոստիկաններին հաջողվեց կանխել, որ վեճն ավելի չթեժանա:

Աջափնյակի թաղապետն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ մինչև հիմա քանդվել է 42 կրպակ, այսօր դրանց ավելացան 15-ը: Դրանց մեծ մասը ինքնակամ կառույցներ են: Սարգսյանի խոսքով՝ իրենց նպատակը հանրային տարածքը երևանցիներին վերադարձնելն է, կրպակների տեղում կանաչ գազոններ կլինեն: Հավելեց՝ քաղաքացիներին փոխհատուցելու հարցը կքննարկեն:

Օրենքով՝ քաղաքացու սեփականությունը հանրային գերակա շահի անվան տակ կարող է քանդվել Կառավարության որոշմամբ: Կա արդյոք նման որոշում՝ պարզ չէ: «Ազատությանը» չհաջողվեց գտնել նման որոշում: