Ինչո՞ւ ջուր չկա․ խորհրդային հնամաշ խողովակներից մինչև պղտոր ջուր ու թանկացում

Անի Ավագյանն ու հարևանները միայն այսօր կարողացան նորմալ ջուր օգտագործել: Վերջին օրերին ծորակներից կամ դեղնավուն ջուր էր հոսում, կամ էլ մատակարարումն իսպառ դադարում էր:

«Ջուրը գնելով, որ տեսնեք՝ էն 6-լիտրանոց ջրեր գնելով, տարածքում խանութներում էլ նախ ջուր չկար, արդեն գնում էինք մեքենաներով այլ տեղերից էինք ջուրը բերում, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Էլ չասած՝ սանհագույցը, որ ընդհանրապես, ստիպված ընտանիքով գնում էինք ուրիշ տեղ», - «Ազատությանը» պատմեց կինը:

«Էս պահին գալիս է, բայց օրվա ընթացքում անընդհատ գալիս-կտրվում է», - նշեց նա:

«Վեոլիա Ջուր»-ը դեռ երեք օր առաջ էր տեղեկացրել Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարման մասին, ինչի պատճառով առանց ջրի էին մնացել ինչպես Երևանի մի շարք թաղամասեր, այնպես էլ Արմավիրի, Արարատի ու Կոտայքի մարզերի հարյուր հազարավոր բնակիչները:

Մասնագետները դեռ աշխատում են վթարը վերացնելու ուղղությամբ, իսկ պատճառը մի քան տասնամյակ առաջ՝ խորհրդային տարիներին կառուցված խողովակաշարն է, որը քայքայվել էր ու փլուզվել:

«Քանի ժամ՝ երևի 30-ից ավել, նախորդ օրվա ժամը 7-8-ի կողմերից ջուր չկար: Նոր հիմա տվել են, նոր համեմատաբար ավելի մաքուր ջուր է գալիս, ավելի ադեկվատ, սկզբում շատ մուգ, աննկարագրելի կեղտոտ ջուր էր, որը բացարձակ, իհարկե, օգտագործման ենթակա չէր», - ասաց Անի Ավագյանը:

«Վեոլիա»-ն պատասխանատու է ջրամատակարարման ապահովման և ենթակառուցվածքների շահագործման համար, իսկ ենթակառուցվածքների նորացումը Կառավարության պարտավորությունն է: Թե երբ գործադիրը կնորացնի ջրախողովակներն ու որքան գումար է անհրաժեշտ, Ջրային պետական կոմիտեից «Ազատությանը» դեռ չեն պարզաբանել:

«Երբ որ ճոխ համերգ է կազմակերպվում, ասում են՝ «փողի խնդիր չունենք», երբ որ աշխատավարձեր են բարձրացվում կամ պարգևավճարներ են տրվում, ասում են՝ «այո, բա աշխատում ենք, փողի խնդիր չունենք», բայց երբ որ ասում ես՝ «էս ենթակառուցվածքը խի՞ չես ապահովում», ասում է՝ «բա դե թանկ է, փող չկա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանն անցած օրերի այս անորոշությանն ավելացնում է ևս մեկը. ջրատարի վթարից հետո, երբ բնակչությանը սկսեցին ջուր մատակարարել, այն դեղին էր: Ու ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հորդորեց բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին և զգուշացրեց՝ կասկածի դեպքում ջուրը խմել միայն եռացնելուց հետո։

Ի պատասխան՝ «Վեոլիա»-ն հերքեց որակի խնդիրը. - «Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն»։

Սպառողների պաշտպանը տագնապալի է որակում կենտրոնի հայտարարությունն ու ընդգծում՝ ավելի շուտ պետք է հայտարարեին, թե ինչ կոնկրետ ախտանշաններ կարող են ի հայտ գալ, և ինչպես պետք է դրանց դեմ պայքարել: Ըստ նրա՝ ուշացած այս հայտարարությունը վկայում է, որ իրավասու կառույցները տեղում չեն:

«Նախ՝ ՀՎԿԱԿ-ը չպետք է այդ բացատրութունը տար մեկ օր անց, երկրորդ՝ մոտավոր, եթե կտեսնեք, մոտավորով գնահատական՝ վիզուալ, աչքի գնահատմամբ, չեն տալիս, ասում են, թե մոտավորը էդ որքանն է, օրինակ՝ ինչպիսին պետք է լինի, որ մարդը կողմնորոշվի», - ընդգծեց Պիպոյանը:

Կենտրոնից, մինչդեռ, «Ազատությանն» ուղղված պատասխանում վստահեցնում են՝ ստուգումներն ու հորդորները մշտական են, այդ դեպքում էլ են այդպես վարվել, իսկ եթե շեղումներ հայտնաբերեն, տվյալները կփոխանցեն Առողջապահական տեսչական մարմնին:

Սպառողների պաշտպանի կարծիքով՝ պետությունը խուսափում է «Վեոլիա»-ին պատասխանատվության ենթարկելուց, իսկ հետևանքները կրում է քաղաքացին:

Պաշտոնյաներն, ի դեպ, խնդիրները կարգավորելու տարբերակ են համարում ջրի թանկացումը, ընդ որում՝ բավականին կտրուկ՝ մինչև 80 տոկոսի չափով:

«Առավել ևս, սպասարկումը երբ որ չկա նորմալ, այդ պարագայում ընդհանրապես ավելի անհասկանալի է՝ ինչի համար է այդ գինը բարձրացվում», - նշեց Անի Ավագյանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վթարից հետո հորդորում է ուշադիր լինել ջրի համին, հոտին ու գույնին