Ինչո՞ւ է արգելվել Ռոբերտ Քոչարյանի ելքը. իրավապահները լուռ են

Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երեկվանից չեն բացատրում՝ ի՞նչ հիմքով են արգելել երկրորդ նախագահի ելքը Հայաստանից: Դատախազությունը գրավոր հարցում է պահանջել, իսկ ԱԱԾ-ի հետ կապվել չի հաջողվում:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նախապես էր հայտարարել, որ նա անձնական նպատակներով պատրաստվում է մի քանի օրով դուրս գալ երկրից: Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում կա միայն մեկ գործով՝ Մարտի մեկով: Իսկ այդ գործով նա երկրից դուրս գալու արգելք չունի՝ «Ազատության» հետ զրույցում ասաց որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Ոչ տեղեկացրել էին, ոչ էլ դա կարող էին անել առանց ԿԸՀ-ի համաձայնության», ասում է Լևոն Քոչարյանը:

Երեկ իշխանական լրատվամիջոցներն էին առանց ձայնի կադրեր հրապարակել, որոնցում երևում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոցի» սահմանային անցման կետում սահմանապահին է մեկնում տոմսը: Վերջինս այն հետ է տալիս, ու ինչ-որ երկխոսություն է տեղի ունենում: Իշխանամետ «Խոսնակ» լրատվականն այս տեսանյութը հրապարակել էր, ու պնդել, թե Քոչարյանը փորձում էր փախչել երկրից:

«Ասել են՝ չեք կարող, ոչ մի բացատրություն չեն տվել։ Հենց էդ ուղիղ հարցին՝ ո՞րն է դրա բացատրությունը, ո՞րն է պատճառաբանությունը, ասել են՝ չունենք։ Դա իշխանական կազմակերպված, էսպես, քարոզչական տրյուկ էր ընդդիմախոսի նկատմամբ, հասկանո՞ւմ եք, չէ՞, նույն էդ պահին մենք դեռ չգիտեինք, ես իր հետ չեմ կարող կապ հաստատել, նույնիսկ իրեն ճանապարհ դնողները դեռ չգիտեն՝ ինքն անցել է, թե չէ, իշխանական լրատվամիջոցը գրում է, րոպեներ անց, միգուցե ժամվա ընթացքում տեսանյութեր են հայտնվում իրենց կայքերում, ԱԱԾ-ի տեսանյութերը»,- պատմում է Ռոբերտ Քոչարյանի որդին:

Իշխանական լրատվամիջոցների հրապարակումներին զուգահեռ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ տարածեց, որում դարձյալ սպառնաց իր քաղաքական հակառակորդներին.

«Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող, մի պարզ պատճառով՝ նա չունի և չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Այնպես, որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները: Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»,- տեսանյութում ասում է վարչապետը:

Ռոբերտ Քոչարյանը որպես պատգամավորի թեկնածու անձեռնմխելիություն ունի և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: ԿԸՀ-ից «Ազատությանը» հաստատել են, որ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համաձայնություն ստանալու դիմում այս պահի դրությամբ չեն ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Ծառուկյանի գործով իրավապաշտպան Սաքունցը խախտումից է խոսում. դատախազությունը լուռ է

Նախկին նախագահի առաջնորդած դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանն էլ նկատում է՝ քաղաքացու տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է քրեական գործի շրջանակում, երբ նա տեղյակ է լինում այդ մասին: Այդ դեպքում ինչո՞ւ և ինչպե՞ս է արգելվել Քոչարյանի ելքը՝ չգիտեն: Մանուկյանը հանցագործություն է որակում ոչ միայն սա, այլև իշխանական մեդիայի կողմից ԱԱԾ սահմանապահի խցիկից արված տեսագության տարածումը:

«Գերգաղտնի կառույցից նման տեղեկատվություն, նման տեսանյութ կարող էր դուրս գալ միայն բարձրագույն ղեկավարության որոշումով՝ ԱԱԾ տնօրենի կատարմամբ և սահմանապահ զորքերի հրամանատարության կատարմամբ»,- նկատում է պատգամավորը:

Մանուկյանը նամակ է ուղարկել ԱԱԾ տնօրենին, պահանջել պարզաբանել տեղի ունեցածը, թե՝ ինչպե՞ս է այդ տեսագրությունը հայտնվել երրորդ անձի ձեռքում, և արդյո՞ք կա ծառայողական քննություն՝ մեղավորներին հայտնաբերելու համար: Պատգամավորը պնդում է՝ սա ոտնձգություն է մարդու անձնական տվյալների նկատմամբ:

«Ազատությունը» ևս փորձեց պարզաբանում ստանալ ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն ողջ օրվա ընթացքում լրատվական ծառայության ինքնապատասխանիչն էր միանում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համարում է, որ իշխանությունը անօրինական մեթոդներով է պայքարում ընդդիմախոսների դեմ.

«Մեկ սրվակում ունենք դատախազ, որը վճիռներ է դակում, և դատախազություները, ոստիկանությունները, հատուկ ծառայություններն ի կատար են ածում, թե սա ինչքան կշարունակվի և ինչի կվերածվի, կանխատեսել չեմ կարող, բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ այն աջակցությունը, որ ինքը ստանում է, ստացել է Արևմուտքից, շատ արագ կսպառվի նրա այս վարքի պատճառով»,- շեշտում է Հարությունյանը:

Իրավապաշտպանը պնդում է՝ ԱԱԾ տեսագրության արտահոսքը անօրինական է հայտնվել լրագրողների ձեռքում, և իրավապահաները պետք է պարզեն մեղավորներին, հակառակ դեպքում կստացվի, որ ԱԱԾ-ն հանձնարարություն է ստացել և կատարել՝ առանց հաշվի առնելու օրենքը:

Իրավապաշտպանի խոսքով.- «Նրանց հանձնարարվել է կազմակերպել այդ արտահոսքը, նրանք էլ կազմակերպել են այնպես, ինչպես կարողացել են»:

Թե՛ դատախազությունում, թե՛ Քննչական կոմիտեում ԱԱԾ սահմանապահի խցիկի տեսագության տարածման առիթով վարույթ չկա, հայտնում են, որ բողոք դեռ չեն ստացել:

Իսկ Քոչարյանի դեպքը եզակի չէ, ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը չէր կարողացել մեկնել Հայաստանից, բայց նրա դեպքում հայտարարվեց, որ նոր վարույթ է հարուցվել, չնայած դատախազությունը ԿԸՀ-ի համաձայնությունը չէր ստացել: Օրերս նաև «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին էր արգելվել հատել հայ-վրացական սահմանը. «Մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, բայց սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է և սահմանափակում դրեցին իմ վրա»,- պատմել էր Նարեկ Կարապետյանը:

Կարապետյանի դեպքում ևս ԿԸՀ-ն դատախազությունից միջնորդություն չի ստացել, իսկ իրավապահները չեն բացահայտում՝ Կարապետյանը որևէ գործով մեղադրյա՞լ է, թե՝ ոչ: