«Ես որ գնացի Ջերմուկ, իր այտերը կարմրած, ուռած էին, ասեցի՝ «ծեծե՞լ են քեզ», ինքը բան չասեց ինձ». -երեկվանից բարձրացած աղմուկից ու Պաշտպանության նախարարության հերքումից հետո, 19 -ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը որդու հնարավոր ծեծի մասին զգուշավոր է խոսում, ասում է՝ չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Երեկ ուշ երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում մոր ահազանգի հիման վրա գրել էր, որ զինծառայողը «դաժան ծեծի է ենթարկվել»:
Պաշտպանության նախարարությունը րոպեներ անց հերքեց այս տեղեկությունը: «Որևէ ծեծ կամ առավել ևս դաժան ծեծ տեղի չի ունեցել, տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - նշում են ռազմական գերատեսչությունից:
Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում զինծառայողի մայրը՝ Լուսինեն պատմում էր, թե որդուն Ջերմուկի զորամասում տեսնելուց հետո կասկածել է, որ տղային «ծեծել են»:
«Ես որ գնացել եմ Ջերմուկ, ինքը ահավոր ծեծի ենթարկված չի եղել, ուղղակի իրա էդ այտերի մասը մի փոքր այտուցված է եղել, ու էդ դեմքի միմիկաներն է փոփոխված եղել: Որ տեսա մի քիչ տենց այտերը ուռած, ասում եմ՝ «քեզ ծեծել են երևի հաստատ»: Տենց կասկածեցի, ասի՝ «քեզ ծեծել ե՞ն», ինքը ոչ մի բան չի ասել», - նշեց Լուսինե Բայրամյանը:
«Այսինքն՝ ինքը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ ծեծել են», - սրան կինն արձագանքեց. - «Չէ, չէ, ոչ մի բան չի ասել, չէ»: Հարցին էլ՝ «գուցե վախենո՞ւմ էր ինչ-որ բան ասել», պատասխանեց. - «Չեմ կարա ասեմ»:
19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը պատմեց, որ տղայի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է: Հեռախոսազրույցների ընթացքում շարունակ բողոքել է, որ լավ չէ: Լուսինեի խոսքով՝ որդին ասել է, թե «ձայներ է լսում, քնել չի կարողանում»:
«Հետո ասեց բանը, էդ գալյուցինացիան, որ իմ համար, ասենք թե...», - շարունակեց կինը: «Տեսիլքնե՞ր է տեսնում այսինքն, թե՞ ձայներ է լսում», - այս հարցին պատասխանեց. - «Լսում է, ասում եմ՝ «ի՞նչ ձայներ ես լսում», ասում է՝ «կնոջ ձեն եմ լսում, ավելի ձեն եմ լսում», ինչ-որ սենց տարօրինակ բաներ»:
Որդու բողոքներից հետո մայրը, իր փոխանցմամբ, «նախանցած կիրակի» գնացել է զորամաս և տեսել, որ, իր խոսքով, ինչ-որ բան այն չէ տղայի հետ. - «Գիտե՞ք, ոնց որ իրա դեմքը էն Հայկի դեմքը չէր, էլի, չգիտեմ, մի ձևի, չեմ կարում բացատրեմ: Դաժե աչքերի հայացքը էն չէր, չգիտեմ պատճառը, էլի, իրա չքնելն էր, թե ինչն էր, չեմ կարա ասեմ: Աչքերը սենց մի ձևի հայացք, սենց աչքերը թրթռացնում էր, չեմ կարում բացատրեմ էդ ինչեր էր անում էդ դեմքը, էդ աչքը, չգիտեմ, գլուխը»:
Մինչև բանակ գնալը, ըստ Լուսինեի, որդին «նևրոզ է ունեցել, ներվային է եղել, բայց տենց ձեներ, տենց բաներ չի ունեցել»:
Լուսինե Բայրամյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ տղային Ջերմուկում տեսնելուց հետո զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահազանգել հնարավոր ծեծի մասին. - «Ես ասեցի՝ մտածում եմ՝ իրան ծեծել են, որովհետև էդ որ տեսա էդ իրա դեմքի էդ մի փոքր այտուցը, ասում եմ՝ «Հայկ ջան, ոնց որ ծեծել են քեզ»: Ինքը բայց ձեն չէր հանում, ոչ մի բան չէր ասում»:
Մոր փոխանցմամբ՝ նաև զորամասի ղեկավարությանն է դիմել՝ խնդրելով տղային տեղափոխել հիվանդանոց. - «Զորամասում որ ասեցի՝ «գալյուցինացիա ունի, ես խնդրում եմ, որ տանեք, էլի, իրեն», բուժօգնության որ ցույց տան, որ ավելի չսրվի իրա վիճակը»:
Մայրը ՄԻՊ -ին ու զորամասին ահազանգելուց բացի նաև կապվել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ: Հենց Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումից հանրությունը տեղեկացավ զինծառայողի խնդիրների, այդ թվում նրա՝ հոսպիտալում գտնվելու մասին:
Ռազմական գերատեսչությունը հաստատում է՝ ժամկետային զինծառայողը
այժմ Կանազի զինվորական հոսպիտալում է, բայց ոչ թե ծեծի, այլ՝ առողջական խնդիրների պատճառով:
Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, նախարարությունը չի մանրամասնում՝ հղում անելով անձնական տվյաների գաղտնիությանն ու բժշկական գաղտնիքի մասին օրենքին:
Հոսպիտալում գտնվող 19-ամյա ժամկետային զինծառայողը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարին: Մոր խոսքով՝ տղան «նևրոզ, նյարդային խնդիրներ» ունեցել է, բայց՝ ոչ հոգեկան խնդիրներ, բանակ է զորակոչվել «7-ի գ) կետով »:
Կառավարության 2018 թվականին սահմանված զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում 7-րդ կետի գ) ենթակետը վերաբերում է «թեթև և կարճատև հոգեկան գործունեության խանգարումներին, որոնք ենթարկվում են բուժման և ավարտվում են լավացումով»: Այս դեպքում զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով:
Արդյո՞ք զինծառայողի հոսպիտալացման պատճառը կապված է հենց այդ խնդրի հետ, պարզ չէ, Պաշտպանության նախարարությունը միայն նշում է, որ զինծառայողը ներկայումս գտնվում է հետազոտման փուլում։
Որդու առողջական վիճակով անհանգստացած Լուսինեն թեև պնդում է, որ իրականում չգիտի, թե ինչ է տեղի ունեցել , բայց նշում է, որ տղան չի ցանկանում այլևս նույն զորամաս վերադառնալ: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:
«Ասում է՝ «ես էլ չեմ կարա էդ չաստ գնամ, մամա ջան, ես չեմ ուզում, չեմ կարա էլ էդտեղ գնամ, մի բան արա, որ ես էլ էդ չաստ չգնամ, ուրիշ զորամաս կգնամ, եթե վիճակս ների, բայց ըտեղ չեմ ուզում գնամ», - պատմեց Լուսինեն:
«Այսինքն՝ ինչ-որ բանից գուցե վախենում է, ինչ-որ հարաբերություններ», - այս դիտարկմանը կինն արձագանքեց. - «Չգիտեմ, ճիշտն ասած, ոչ մի բան չգիտեմ»:
Մայրն ասում է, որ տղան վերջին շրջանում զորամասում քնի խանգարումներ է ունեցել, ներարկումներ է ստացել, տեղյակ չէ՝ ինչ դեղամիջոցներ են օգտագործվել: Չի պատկերացնում, թե այդ վիճակում ինչպես պետք է նա շարունակի զինծառայությունը:
«Ես վախեցել եմ, իրա կյանքի համար եմ վախում հենց հիմա ես: Չգիտեմ [ինչու], որ ինքը ասում է՝ «ես չգնամ, ես չգնամ», այ դրա համար իմ մեջ վախ է առաջացել», - ասաց Լուսինե Բայրամյանը:
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր եղել է զինվորական հոսպիտալում, հանդիպել Հայկ Ախրաբյանին: Ինչ է պատմել զինծառայողը Անահիտ Մանասյանին, հայտնի չէ:
«Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Պաշտպան Անահիտ Մանասյանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության», - հաղորդում է ՄԻՊ գրասենյակը՝ վստահեցնելով, որ այս հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ: