Ինչո՞ւ ազատվեցին երեք փոխոստիկանապետերը

Ինչո՞ւ ընտրություններից երեք ամիս առաջ Ներքին գործերի նախարարը պաշտոնից ազատեց միանգամից երեք փոխոստիկանապետերին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակելով շատ ավելի ցածր պաշտոնի: Երկուսին՝ նախարարի խորհրդական, մեկին՝ օգնական:

Մինչ իշխանությունը սա որակում է սովորական կադրային փոփոխություն, ընդդիմադիր դաշտում հակառակ կարծիքին են:

Այս որոշումը ոչ թե նախարար Արփինե Սարգսյանինն է, այլ՝ վարչապետինը. Վարդանյան

«Շատ լավ դաս ու օրինակ պետք է լինի բոլոր Փաշինյանի հրամանները կատարողների համար, որ աչքն էլ չեն թարթի իրենցից ազատվելու համար», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նախարարությունում փոխոստիկանապետեր Վարդան Վարդանյանի, Կարեն Հակոբյանի և Արթուր Խուդինյանի պաշտոնազրկումների պատճառները չեն բացահայտում: Այս որոշումը ոչ թե հենց նախարար Արփինե Սարգսյանինն է, այլ՝ վարչապետ Փաշինյանինը՝ պնդում է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Հիմա էս ուժայինները կարո՞ղ են արդյոք գնալ ամբողջ օրը հերթապահել եկեղեցիներում, ներխուժել Մայր Աթոռ, ներխուժել համայնքապետարան, զբաղվել հակաիշխանական ստատուսներ գրողներով, հետո գալ պայքարել հանցավորության դեմ», - նշեց Վարդանյանը:

Հասարակական կարգի պահպանության ու քրեական վիճակի համար պատասխանատու բարձրաստիճան ոստիկաններին նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից հեռացրեց նախորդ շաբաթ Երևանում Զովունիում, Սևանում կրակոցներից ու դաժան սպանություններից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ շաբաթում՝ կրակոցներ և սպանություններ․ ինչո՞ւ է աճում զենքի գործադրումը

«Խնդիրն այն է, որ ուժային համակարգը խնդիր է ստացել պայքարելու Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ, և դրա համար ունենք այն պատկերը, որ ունենք, իրականում ահագնացող, սարսափելի պատկերը, և դա չի կարող ազդել գործղ ռեժիմի վրա, ու հիմա փորձում են քողարկել իրավիճակը՝ իրենցից հեռացնելով պատասխանատվությունը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Պաշտոնից ազատված բարձրաստիճան այս ոստիկաններին վերջին ամիսներին կարելի էր տեսնել վարչապետի՝ հակակաթողիկոսական արշավի շրջանակներում: Նրանք ոչ միայն եկեղեցիներում էին ակտիվ, այլև հասել էին Գյումրի՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու՝ ընդգծում է պատգամավորն ու իմիտացիա որակում նրանց պաշտոններն իջեցնելը հենց նախընտրական շրջանում:

Անցած հոկտեմբերին հենց փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն էր հորդորել Տեր Շնորհքին ու Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանին Հովհաննավանք չմտնել: Ներսում վարչապետի մասնակցությամբ պատարագ էր մատուցում կարգալույծ քահանան, դրսում էլ որոշ քաղաքացիներ պարզապես արգելում էին Հովհաննավանքի իրական տերերին առաջ գնալ: Նրանց անգամ չէր օգնել Հովհաննավանքի սեփականության վկայականը: Ոստիկանությունը, փոխոստիկանապետի գլխավորությամբ, այդպես էլ չէր ապահովել Մայր Աթոռի ներկայացուցիչների մուտքը սեփական տարածք: Նույնը նաև այլ եկեղեցիներում էր, հիշեցնում են Փաշինյանի ընդդիմախոսները:

«Գիտենք, որ նրանք երբեք չեն ազատվում աշխատանքից, ինչ-որ տեղերում հայտնվում են հետագայում». Ալեքսանյան

«Որպեսզի հանրությանը ցույց տա, որ ինքը խիստ մտահոգվում է այդ կրիմինալ դեպքերով, որովհետև հանրային արձագանք եղավ ու ընտրություններից առաջ որոշեց, որ իբր ազատում է նրանց աշխատանքից, բայց գիտենք, որ նրանք երբեք չեն ազատվում աշխատանքից, ինչ-որ տեղերում հայտնվում են հետագայում», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Անցած շաբաթ մի քանի տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ Աջափնյակի հրաձգությունն ու սպանությունը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տնից մի փոքր այն կողմ է եղել. «Դու ապրում ես, մեկ էլ կողքդ, դու մի ասա, զինված խմբավորումներ են ման գալիս: Իրենք են կամավորագրվել և նախարարի պաշտոնին, հայտարարել, որ կրիմինալ չկա, նվազել է, մեր աչքերը փակենք ու ասենք, որ չկա, բայց շուրջդ անընդհատ այդ վիճակն է, ամբողջ օրը միայն այդպիսի հաղորդումներ ես կարդում կամ լսում: Էլ չեմ ասում՝ ոչ էլ խոշտանգումներ են բացահայտվում, դեպի վատն է, ես կասեի, ոստիկանությունը գնացել»:

Երբ ոստիկանությունը ունեցել է որևէ ներգործություն, քաղաքացու շահերից բխող գործողություններ են եղել. Հակոբյան

Իշխանական պատգամավորը, սակայն, համաձայն չէ: Հասմիկ Հակոբյանը պնդում է՝ ոստիկանությունը գործում է բացառապես քաղաքացու շահերից, օրենքի սահմաններում է կատարում իր պարտականությունները:

«Եկեղեցու դեմ օգտագործել ոստիկանությանը, ես էս եզրույթը չեմ հասկանում: Բոլոր դեպքերում, երբ ոստիկանությունը ունեցել է որևէ ներգործություն կամ գործողություն է կատարել, բոլորը հենց քաղաքացու շահերից բխող գործողություններ են եղել: Եթե դրա հետ կապված հակառակ կարծիք կա, թող համապատասխան մարմիններում որևէ բողոք ներկայացնեն, ոչ թե պատերի տակ բամբասեն այդ նույն ընդդիմադիր գործիչները, որոնք այսօր անում են», - նշեց Հակոբյանը:

ՔՊ-ական պատգամավորը ընտրություններից առաջ կադրային այս փոփոխությունը նորմալ է որակում՝ ճկուն համակարգի աշխատանքն է սա. «Ո՞վ ասաց, որ պետք է նույն պաշտոնյան տարիներով պաշտոնավարի: Ես հասկանում եմ, որ նախկինում եղել են, որ ոստիկանապետն այնպիսի անձնավորություն է եղել ու անձեռնմխելի մարդ, որ չէր կարելի ձեռք տալ, պետք էր միայն փառաբանել ու աղոթել նրա համար, հիմա այդ քաղաքականությունը չկա»:

Մինչ իշխանականը վստահեցնում է, թե իրավապահներն աշխատում են օրենքի տառով, ընդդիմադիրները պնդում են՝ ուժայինները կառավարվում են հրահանգներով՝ գործելով իշխանության ընդդիմախոսների դեմ: