«Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը», այս խոսքերով քարոզարշավային բոլոր ելույթները եզրափակող վարչապետին 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Մարիամ Վարդանյանն այսօր այդպես էլ մոտենալու հնարավորություն չունեցավ: Իրավապահներն ու ՔՊ քարոզչախմբի աջակիցներն արգելեցին, որ կինն ասելիքը փոխանցի Նիկոլ Փաշինյանին:
«Էս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սգվորներս սիրտ չունենք: Իրա օրանժ սրտիկները բերում է էս տարածք, իմ երեխեքը երկու-երկու...իմ Արմանը...լույսի նման իմ թագավոր տղեն գնաց իրա երեխու հետ միասին զոհվեց: Տարավ հասցրեց Ջաբրայիլ իմ երեխեքին, ինչի տարար իմ երեխեքին կոտորեցիր, ինչի իմ տունը քանդեցիր»,- ասում է 2020-ի պատերազմում զոհվածի մայրը, ով արդեն վեց տարի է՝ լուր չունի նաև թոռանից:
Մարիամ Վարդանյանի թոռն անհետ կորած է համարվում 44-օրյայից հետո: Տիկին Մարիամն այսօր News.am-ին պատմել էր՝ առավոտյան էր լսել՝ իրենց թաղամաս վարչապետ Փաշինյանի այցի մասին: Նրան տեսնելու էր եկել «սև սիրտը» ձեռքին, բայց իրավապահներն այդպես էլ թույլ չտվեցին, որ որդեկորույս մոր ձայնը հասնի մի քանի մետր այն կողմ քարոզարշավ անող վարչապետին:
«Եկել է այստեղ ռեկլամ ա անում, որ թազա ընտրվի: Սա իմ սիրտն է, նայեք, ժողովուրդ, նա ոչ մեկին չի սիրում, մենակ իրա աթոռն ա ուզում, չի վայելելու ինքը»,- ասում էր որդեկորույս մայրը:
Մի քանի վայրկյան և ողբացող կնոջ ձայնն աղմուկով խլացվեց, վարչապետի առաջնորդած քարոզչախումբը ոչ միայն երգում, պարում էր, այլև սուլում ու ծափահարում՝ զուգահեռ հայացք նետելով նաև ոստիկանական օղակի մեջ մնացած կնոջը:
«Թողեք ինձ, մի բռնեք ինձ, ես ինձ վատ եմ զգում»,- ասում էր կինը:
Որպեսզի զոհվածի մորը չհաջողվեր մոտենալ Նիկոլ Փաշինյանի քարոզչախմբին, զգոնությունը չէր կորցնում հատկապես սպիտակ պիջակով մի կին: Նա ինչ-որ պահի անգամ հրեց պատերազմում որդուն ու թոռանը կորցրած կնոջը՝ ընթացքում պահանջելով, որ լրագրողը դադարեցնի նկարահանումը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերն էին պարզել, որ զոհվածի մորը հրողը Անաիդա Գալստյան անունով մի կին է, որի ֆեյսբուքի էջում, նշված է, թե Ստեփանակերտից է: Նրա էջում տեղադրված են նաև լուսանկարներ, որտեղ կինը ոստիկանական համազգեստով է:
Իսկ Հայաստանի քարտեզը կրծքին ամրացրած «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ աջակիցն ավելի հեռուն գնաց՝ որդեկորույս մորը հարցնելով, թե նրան ինչքան են վճարել:
Այսպիսի հարց իր քննադատներին տալիս է նաև Նիկոլ Փաշինյանը: Բայց քարոզարաշվի վերջին երկու շաբաթները գրեթե ոչ մեկի չի հաջողվել վարչապետին անհանգստացնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախագահականի առջև նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով, ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներինԱրաբկիրում տեղի ունեցած մի քանի միջադեպից հետո ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները հոգ են տանում, որ այլախոհները Նիկոլ Փաշինյանին չմոտենան: Վարչապետն ինքն էլ է արդեն դեմ այդպիսի շփումներին. անցած շաբաթ էր հարթակից հայտարարել, երբ հերթական անհամաձայնությանն էր բախվել:
«Տիկնոջը, ոստիկանություն, եկեք հեռացրեք, հա: Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք, գնացեք»,- ասում էր Փաշինյանը:
Քարոզարշավի 25-րդ օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պտտվող վարչապետին համակիրները շնորհավորելու առիթ ունեին: Նիկոլ Փաշինյանն այսօր Թաթայի 16 տարեկան եմ դարձել երգի ներքո տոնում էր 51 ամյակը:
Օրվա ավարտին արդեն Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում էր՝ երեխաներին շնորհավորելու: