«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում է, և այդ ցուցակից հանելու հարց չի քննարկվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը:
«Այս պահին, բնականաբար, գտնվում է այդ ցանկում, և ցուցակից հանելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել», - ասաց Մանուկյանը:
Այն, որ կես դար առաջ կառուցված շենքը հնարավոր է՝ դուրս գա Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից, օրեր առաջ ահազանգել էր շենքի ճարտարապետներից մեկի՝ Արթուր Թարխանյանի կենտրոնը։ Դատապարտելով նման նախաձեռնությունը՝ ճարտարապետները կոչ էին արել Կառավարությանը վերանայել «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման մաստեր պլանը և, առաջնորդվելով օրենսդրության պահանջներով, պահպանել հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ։
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է՝ իրենց մտահոգությունները բխում են օդանավակայանի զարգացման մաստեր պլանից: Դրանում
հին մասնաշենքի պահպանումը՝ որպես եզակի ճարտարապետական նմուշ, չի դիտարկվել, առավելագույնը, որ դիտարկվել է, շենքի միայն մի մասի պահպանումն է եղել:
«Տարբեր նախագծեր կան, մի նախագծով միայն աշտարակն էին պահում, մի նախագծով, բայց փոփոխական է դա, երկրորդ մասնաշենքը՝ ներքին մասնաշենքը պահում էին, արտաքին օղակն էին քանդում», - «Ազատությանն» ասաց Թարխանյանը՝ հավելելով, որ իրենց համար այդ տարբերակներից ոչ մեկն ընդունելի չէ՝ միանշանակ:
Սովետական մոդեռնիստական ճարտարապետության լավագույն ու եզակի նմուշներից մեկը
«Զվարթնոց»-ի հին մասնաշենքը կառուցվել է 1970-ականներին, շահագործման հանձնվել 1980-ականների սկզբին, շենքը 1985 թվականին ստացել է Խորհրդային Միության մրցանակ, նաև հայտնվել լեհական «Պան Կլյակսայի ճամփորդությունները» ֆանտաստիկ ֆիլմում. այն համարվում է սովետական մոդեռնիստական ճարտարապետության լավագույն ու եզակի նմուշներից մեկը:
Անահիտ Թարխանյանն ասում է՝ Հայաստանում գուցե լավ չեն ըմբռնում դրա նշանակությունը համաշխարհային ճարտարապետության համար, քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը՝ նույնն է թե որոշել քանդել Պարթենոնի տաճարը:
«Այսօր ոչ մեկի մտքով աշխարհում չի անցնի նույնիսկ խոսք ասել, որ կարելի՞ է արդյոք քանդել Պարթենոնը։ «Զվարթնոց» օդանավակայանը մեր հայկական ճարտարապետության մոդեռնիստական դարաշրջանի և համաշխարհային դարաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության այդ Պարթենոնն է։ Եվ ոչ ոք աշխարհում մտքով էլ չի կարող անցկացնել ... Ես ուզում եմ հասկանամ՝ հայերը մեկ-մեկ որ մերն է, չեն կարողանում ճիշտ գնահատել ունեցածը», - ընդգծեց Թարխանյանը:
Թեև Կառավարությունից հերքում են, թե քննարկում են շենքը քանդելու հարցը, այն Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու մասին մի առաջարկ, այնուամենայնիվ, շրջանառվել է՝ այս տարվա գարնանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է նախագիծը տեղադրել e-draft հարթակում: Ու թեև այդ հարթակում նշված է, թե նախագիծն ընդունվել է, այն Կառավարության որևէ նիստի օրակարգում չի եղել, որոշում չի դարձել: Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այլևս նման հարց չի քննարկվում, բայց քննարկվում է հին մասնաշենքը փոփոխելու տարբերակ։ Թե ինչ է ենթադրում այդ փոփոխությունը, նախարարությունից խոստացան հայտնել առաջիկայում, երբ հանրային քննարկման կդրվի մաստեր պլանը, որի շրջանակներում էլ կներկայացվի հին մասնաշենքի փոփոխման տարբերակը:
Նոր պլանի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից՝ «Ազատության» հարցումները մնացին անպատասխան:
Հայտնի է, սակայն, որ հուլիսի 16 -ին մաստեր պլանը քննարկվել է Կրթության գիտության ու մշակույթի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում, այս մասին տեղեկացրեցին ԿԳՄՍ նախարարությունից: Խորհուրդը որոշել է հավանություն տալ ծրագրին՝ պայմանով, որ հետագա ճարտարապետական նախագծերն ու լուծումները, իրականացվելիք աշխատանքները կքննարկվեն և կհամաձայնեցվեն մասնագիտական կառույցների հետ:
Հուշարձանի կարգավիճակի փոփոխության հարց կամ նախագիծ գիտամեթոդական խորհրդում չի քննարկվել, «Ազատությանը» հայտնեց նախարարության խոսնակ Կարինե Մանուկյանը: «Ցանկից հանելու հետ կապված որևէ քննարկում չի եղել», - վստահեցրեց նա:
Ի՞նչ է լինելու «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի ճակատագիրը՝ այս հարցը ավելի քան մեկ տասնամյակ է ակտուալ է, ժամանակ առ ժամանակ մոդեռնիստական ճարտարապետության այս եզակի նմուշի գլխին սև ամպեր են կուտակվում, մասնագիտական համայնքի և հանրության ճնշումներով թեման երկրորդ պլան է մղվում, բայց լուծում էլ չի տրվում օր-օրի քայքայվող շենքը պահպանելու հարցին:
Օրինակ՝ դեռևս 2013 թվականին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկությամբ, պատճառաբանելով, որ այն այնքան վատ վիճակում է, որ չեն կարող վերանորոգել, մոդեռնիզացիայի համար էլ ներդրում չեն անի: Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել էր դիմումը:
Ի դեպ, այդ ժամանակ շենքը պահպանվող հուշարձանների ցանկում չէր: Այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասում էր՝ չի հիշում, թե երբ ու ինչպես է դա տեղի ունեցել, իսկ այն նորից ցանկ վերադարձնելու հարցը պետք է քննարկել. - «Ինչի է ժամանակին դուրս եկել ցանկերից՝ ես էդ հարցի պատասխանը ձեզ չեմ կարող տալ, ես դրա ականատեսը չեմ եղել»:
2016 թվականին այդ շենքում ապամոնտաժվում է էստակադան, որը փլուզման վտանգի տակ էր, և դրանից առաջ արդեն իսկ փլուզման մի դեպք տեղի էր ունեցել:
2018-ի փետրվարին դարձյալ մի նախագիծ է հայտնվում, այս անգամ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էր ներկայացնողը, որով դարձյալ նախատեսվում էր քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Այն ժամանակ ևս մասնագիտական հանրությունը կտրուկ դեմ էր և կարծում էր, որ շենքը հնարավոր է ամրացնել ու վերականգնել:
2018-ին այդ ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասում էր. - «Եթե վթարային է, բերեք ամրացնենք։ Ամրացնելու փող չկա՞, ես կարծում եմ, որ մենք ինչ-որ շատ ուրիշ տեղեր ենք էդ փողերը ծախսում և կարևոր ու անհրաժեշտ տեղերում ասում ենք, որ փող չկա»։
Սա մինչև հեղափոխությունն էր: Իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին Կրթության նախարարության փորձագիտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին, իսկ Պահպանվող հուշարձանների ցանկում շենքն ընդգրկվեց միայն անցած տարի օգոստոսին՝ Կառավարության որոշմամբ:
Հիմա շենքը Պահպանվող հուշարձանների ցանկում է, ու Կառավարության վստահեցմամբ՝ չեն քննարկում այն ցանկից դուրս բերելու հարցը, բայց տարիներ շարունակվող միտումը՝ քանդել, այլ ոչ թե պահպանել «Զվարթնոց»-ի հին շենքը, մտահոգում է ճարտարապետի դստերը՝ Անահիտ Թարխանյանին:
«Այդ ծրագիրը՝ քանդել հին շենքը, բազմաթիվ անգամ հնչել է 2014 թվականից սկսած՝ տարբեր մաստեր պլանների միջոցով, որոնք որ միշտ ներկայացրել է «Ամերիկան քարփարեյշըն»-ը։ Սակայն այս անգամ շատ ավելի լուրջ է ամեն ինչը, որովհետև հարցը դրվել է այլ հարթության մեջ, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր օդանավակայան, որը կկարողանա սպասարկի անհրաժեշտ առնվազն 7 միլիոն մարդ տարեկան. այժմ մեր օդանավակայանը սպասարկում է ընդամենը 2.5, եթե չեմ սխալվում, միլիոն, և դա խնդիրներ է առաջացնում», - ընդգծեց ճարտարապետի դուստրը:
Անահիտ Թարխանյանը վստահ է՝ հնարավոր է վերագործարկել
Անահիտ Թարխանյանը վստահ է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, և օդանավակայանը համալրել ևս 10 գեյթերով: Դրա համար անգամ նախագծեր են արել, որ հիմնված են Արթուր Թարխանյանի առաջին էսքիզների վրա և թույլ են տալիս վերականգնել ու վերագործարկել հին մասնաշենքն իբրև օդանավակայան:
«Հիմա օգտագործելով այ էդ նույն գաղափարները, էսքիզներն ու մոտեցումները օդանավակայանի, մենք պարզապես առաջարկեցինք արդիականացնել գոյություն ունեցող օդանավակայանը՝ փաստացի տալով պատվիրատուին ընդհուպ մինչև 100 հազար քառակուսի մետր և երկու անգամ, եթե ոչ երեք անգամ ավելի արագ կստանանք գոյություն ունեցող գեյթերին լրացուցիչ 10 գեյթ, և փաստացի շատ ավելի խնայողաբար», - ասաց Անահիտ Թարխանյանը:
Հիմա, ասում է, պատրաստվում են պաշտոնական նամակով դիմել թե՛ նախարարություն, թե՛ «Կորպորասիոն Ամերիկա»-ին: Ըստ Անահիտ Թարխանյանի՝ այս հարցում բոլորին անհրաժեշտ է մի սեղանի շուրջ նստել. - «Էստեղ մոտեցումը, ինձ թվում է, պետք է լինի համատեղ, պետք է համատեղ, էս հարցը պահանջում է հրատապ լուծման, և միայն մերժելով չի ստացվի, պետք է ամենաարագ ձևով հրավիրել համատեղ հանդիպում, որտեղ կլոր սեղանի շուրջը հավաքվեն բոլոր մասնագետները, քննարկեն բազմաթիվ տարբերակներ: ... Եթե ես մի հոգի մարդ եմ, երեք-չորս նախագիծ եմ առաջարկել՝ վերանորոգման, վերաշահագործման դնել գոյություն ունեցող օդանավակայանը, կարող է իրենք իրենց ավելի հետաքրքիր, կամ մեր հայտնի ճարտարապետները կարողանան ավելի հետաքրքիր գաղափարներ հայտնաբերեն և ասեն: Իմ մոտեցումը այ դա է»:
Ի դեպ, այս տարվա հունվարին Կառավարությունը հավանություն է տվել, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կառավարման վերաբերյալ երկարաձգվի ևս 35 տարով՝ մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Ընկերությունը պարտավորվել է առաջիկա տարիներին իրականացնել շուրջ 425 միլիոն դոլարի կապիտալ ներդրումներ՝ ավելացնելով օդանավակայանի թողունակությունը: