Ինչ է պետք իմանալ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մասին

Ամերիկյան Frank E. Petersen Jr. ռազմանավը Արաբական ծովում, մարտ, 2026թ.

ԱՄՆ նավատորմը սկսում է իրանական նավահանգիստները շրջափակելու գործողությունը. ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կարող է հաջորդել

Իսլամաբադում ամերիկացի և իրանցի բանագնացների միջև անարդյունք բանակցություններից հետո ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը։ Այդ որոշումը ԱՄՆ-ին երկընտրանքի առաջ է կանգնեցրել. դիմե՞լ ռիսկի, որի դեպքում Իրանը կարող է Հորմուզի նեղուցի հարակից տարածքից հարվածել ամերիկյան ուժերին, թե՞ հետ քաշվել և փորձել արգելափակել նեղուցից դուրս եկող նավերի ճանապարհը։

Վաշինգտոնի այս քայլը Իրանին զիջումներ պարտադրելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական փորձն է։ Դրանցով Սպիտակ տունը պահանջում է Թեհրանից հրաժարվել միջուկային զենք ստեղծելու գաղափարից և միջոցներից։

ԱՄՆ նախագահը որոշեց շրջափակել Հորմուզի նեղուցը Իրանի դեմ ավելի քան մեկ ամիս տևած օդային հարվածների և տնտեսական երկարամյա պատժամիջոցների ֆոնին։

Ռազմական կողմը

Վաշինգտոնը տարածաշրջանում ազդեցիկ քանակությամբ ռազմածովային և օդային ուժեր է պահում, և ակնկալվում է, որ հենց այս միջոցներով կկարողանա շրջափակման մեջ պահել ճանապարհը։ Այսինքն՝ օդային հարվածները կարող են փոխարինվել քաղաքացիական նավերի արգելափակմամբ։

Հորմուզի նեղուցում կամ դրա մերձակայքում նման գործողությունը ԱՄՆ ռազմածովային ուժերին կարող է իրանական անօդաչուների, հրթիռների կամ հարձակողական ռազմանավերի թիրախ դարձնել, քանի որ հենց այդ ուղով են անցնում իրանական ապրանքներն արտահանող նավերը։

Մի քանի շաբաթ տևած ամերիկա-իսրայելական համատեղ օդային հարվածները զգալիորեն կրճատել են Իրանի ռազմական կարողությունները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), սակայն, ունի իր սեփական հարձակողական ռազմանավերը, որոնք շարունակել են հարվածել Պարսից ծոցով անցնող նավերին։

«Եթե այս նավերից որևէ մեկը մոտենա մեր կողմից շրջափակված գոտուն, նրանք անմիջապես շարքից կհանվեն», - սոցցանցի էջում գրել է Թրամփը։

Ռիսկերը, սակայն, կարող են նվազեցվել։

Հաշվի առնելով, որ, օրինակ, իրանական նավթամթերքի փոխադրումների մոտ 90 տոկոսը Չինաստանի համար են նախատեսված՝ ամերիկյան ուժերը տեսականորեն կարող են որոշակի հեռավորություն պահպանել և այդտեղից իրականացնել շրջափակումը։ Այսպես ամերիկյան ուժերը պակաս խոցելի կլինեն։

«Նրանք կարող են որոշել Պարսից ծոցից դուրս դիրքավորվել … առանց ֆիզիկապես կառավարելու [Հորմուզի] նեղուցը» - «Ազատության» իրանական ծառայության հետ զրույցում ասել է իրանական ռազմածովային ուժերի նախկին սպա Մոհամմադ Ֆարսին, հավելելով. - «Պարտադիր չէ, որ նրանք հենց նեղուցում գտնվեն»։

Ֆարսին, սակայն, նշեցլ է, որ կասկածում է այս մոտեցման արդյունավետության վրա, քանի որ այս դեպքում ամերիկյան ուժերը ստիպված կլինեն ծովի ավելի լայն հատված հսկել, մինչդեռ Հորմուզն ընդամենը 30 կիլոմետր լայնություն ունի։

Հետախուզական, քարոզչական և անվտանգային գիտությունների ավստրիական կենտրոնի ռազմածովային փորձագետ Ջերեմի Ստոեսը նույն կարծիքին է։

«Հեռահար շրջափակում իրականացնելը լրջագույն մարտահրավեր է ԱՄՆ-ի ուժերի համար՝ հաշվի առնելով հատկապես այն, որ քաղաքացիական նավերն անջատում են կապի միջոցները արգելափակումից խուսափելու համար», - ասել է նա «Ազատության» հետ զրույցում, - «Հայտնի է, որ ԱՄՆ նավատորմում փոքր մակերեսների վրա գործող մարտական նավեր, օրինակ՝ ֆրեգատներ, առկա չեն, այսինքն՝ նման առաջադրանք իրականացնելու համար ԱՄՆ-ն ստիպված կլինի գործադրել Arleigh Burke կարգի կործանիչներ և այլ թանկարժեք միջոցներ»։

Տնտեսական ազդեցությունը

Իրանի հետ փոխկապակցված բեռնափոխադրումները թիրախավորելու որոշումը հստակ տնտեսական տրամաբանության վրա է հիմնված, որը նկարագրված է ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականության մասին վերջին պաշտոնական հրապարակումներից մեկում։

«Չինաստանին նավթամթերքի վաճառքը կազմում է Իրանի պետական բյուջեի մոտ 45 տոկոսը», - նշվում է մարտի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած տեղեկատվական թերթիկում։

Վերջին շաբաթներին Իրանի կողմից ոչ իրանական բեռնափոխադրումների համար Հորմուզի նեղուցի գրեթե ամբողջական շրջափակումը նկարագրվում է որպես համաշխարհային տնտեսության պարանոցին հագցված պարան, քանի որ խաթարված է նավթի, գազի և այլ կարևորագույն ապրանքատեսակների տարանցումը։

ԱՄՆ-ի շրջափակումը նպատակ ունի կաթվածահար անել Իրանի տնտեսությունը, որը շարունակել է օգուտներ քաղել նավթամթերքի արտահանումներից՝ չնայած փետրվարի 28-ին սկիզբ առած ամերիկա-իսրայելական համատեղ օդային հարվածներին։

«Իրանն իրականում ի վիճակի է եղել բավականին մեծ քանակությամբ նավթամթերք արտահանել, կարելի է ասել՝ նույն քանակությամբ, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ապրիլի 13-ին «Ազատությանն» ասել է Էներգիայի և մաքուր օդի հետազոտական կենտրոնի վերլուծաբան Իսահակ Լևին՝ հավելելով. - «Շրջափակելով [նեղուցը]՝ ԱՄՆ-ն իրանական ռեժիմին կզրկի այս ճանապարհով զգալի գումար աշխատելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, սա ճնշում կլինի համաշխարհային նավթի գների վրա … հանգեցնելով [ամսական] սպառվող 54 միլիոն բարելի թանկացմանը, այն դեպքում, որ արդեն իսկ կար մատակարարման հսկայական սահմանափակում»։

Նման վտանգն ակնհայտ դարձավ շրջափակման մասին հայտարարությունից ժամեր անց, երբ Եվրոպայում չվերամշակված նավթի գները պատմական ռեկորդ գրանցեցին՝ մոտ 150 դոլար մեկ բարելի դիմաց։ Benchmark Brent տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 100 դոլարից բարձր գնով՝ ավելացնելով ճնշումը համաշխարհային գների վրա։

«Պարոն Թրամփի որոշումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել թե՛ ամերիկյան տնտեսության, թե՛ ընդհանուր սոցիալական միասնականության վրա՝ հատկապես ամերիկացիների ուսերին ավելացող բեռի առումով, որը նրանք զգում են մեքենայի վառելիք գնելիս», - ապրիլի 13-ին «Ազատության» իրանական ծառայությանն ասել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Մոհամմադ Ղաեդին։

Նրա խոսքով՝ Իրանի հակաքայլերը կարող են նպաստել տնտեսական վնասին, քանի որ Թեհրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները, թիրախավորելով Մերձավոր Արևելքով բեռնափոխադրումների մեկ այլ կարևոր ուղին՝ Բաբ ալ-Մանդաբի նեղուցը, կարող են «շուկայից հեռացնել համաշխարհային էներգետիկ մատակարարումների 12 տոկոսը»։

Չինաստան

Շրջափակումը կարող է նաև լրջագույն դիվանագիտական հետևանքներ ունենալ։

Հստակ չէ՝ Չինաստանի դրոշի ներքո նավարկող նավերը ժամանո՞ւմ են իրանական նավահանգիստներ։ Նախկինում Իրանի, Ռուսաստանի և Վենեսուելայի լցանավերը առավելապես նավարկել են պատժամիջոցների ներքո չգտնվող երկրների, օրինակ՝ Սիերա Լեոնեի, Գաբոնի կամ Մարշալյան կղզիների դրոշների ներքո։ Հիմա արդեն այդ նավերը կարող են ամերիկյան ուժերի թիրախում հայտնվել։

Թրամփի ավելի վաղ արված մեկնաբանությունները, սակայն, հուշում էին, որ շրջափակումը կվերաբերի նաև այն նավերին, որոնք Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարում են Իրանին։

«Ես մեր նավատորմին նաև հանձնարարել եմ հայտնաբերել միջազգային ջրերից օգտվող և Իրանին վճարող բոլոր նավերն ու արգելափակել նրանց ճանապարհը։ Անօրինական վճար մուծած ցանկացած նավ չի կարողանա ապահով բաց ծով հասնել», - ասել է նա։

Ըստ ծովային հետախուզությամբ զբաղվող Winward ընկերության՝ չինական երկու նավ ապրիլի 10-ին դուրս է եկել նեղուցից։ Երկուսի սկզբնակետն էլ Իրանը չէր, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հայտնի չէ՝ նրանք մուծե՞լ են Իրանի կողմից յուրաքանչյուր նավի դիմաց պահանջվող 2 միլիոն դոլարը։ Դա Թեհրանի պահանջն է նախկինում բանուկ ջրուղու երթևեկության մի փոքր մասն արտոնելու համար։ Եթե Իրանին վճարած լինեն կրիպտոարժույթով, դրա հետքը հայտնաբերելը գրեթե անհնար է։

Նշանակալի է նաև, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ շրջափակումը վերաբերելու է այդ թվում Իրանի «ափամերձ տարածքներ» մտնող նավերին։ Մինչ այժմ այս հատվածով էին անցնում Թեհրանի թույլտվությունը ստացած բազմաթիվ նավերը։

Ցանկացած պարագայում, ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դրոշի ներքո նավարկող նավի առգրավումը կամ գրոհումը կարող են դիվանագիտական լրջագույն լարվածության պատճառ դառնալ, այն դեպքում, երբ գալիք ամիս Թրամփը նախատեսում է այցելել Պեկին՝ հանդիպելու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, Չինաստանը նավթամթերքի մատակարարումների համար, իհարկե, Իրանի վրա է հենվում, բայց նախքան պատերազմն իր կուտակած մեծաքանակ նավթամթերքի պաշարներով Պեկինը կարող է ապահովել ընթացիկ կարիքները՝ անմիջապես չտուժելով շրջափակումից։ Չինաստանի ափերին է մոտենում նաև զգալի քանակով իրանական նավթամթերք, որից ևս երկիրը կարող է օգտվել։

Ավելին, իրանական ծագմամբ մատակարարումները կազմում են ծովային ճանապարհով Չինաստանի նավթամթերքի ներկրումների մոտ 8 տոկոսը։ Չինաստանը նավթամթերքի այլ աղբյուրներ ունի։

«Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Չինաստանը պատժամիջոցների տակ գտնվող նավթամթերքից է օգտվում, քանի որ այն զգալի զեղչով է վաճառվում», - ասել է Իսահակ Լևին՝ հավելելով, որ այլընտրանքային նավթամթերքը ավելի թանկ է, ինչն էլ կազդի Չինաստանի վերամշակման փոքր գործարանների վրա, որոնք առանց այդ էլ նվազագույն շահույթով են աշխատում։