Ինչ առաջընթաց է գրանցել Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ճանապարհին։
Եվրոպական Հանձնաժողովը գործընթացի իր մոնիթորինգի առաջին արդյունքներն է հրապարակել զեկույցի տեսքով: Խոսքը համեմատաբար կարճ շրջանի մասին է։ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել միայն կես տարի առաջ՝ 2025-ի նոյեմբերին, դրանցում 74 կետեր են, որոնք Հայաստանը պետք է իրականացնի:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործընթացում արդեն զգալի առաջընթաց է արձանագրել՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման, հասարակական կարգի և անվտանգության հարցում։ Միևնույն ժամանակ, զեկույցը նշում է մի շարք ոլորտներ, որտեղ դեռ աշխատանք կան անելու. առաջին հերթին պետք է ուժեղացնել սահմանների կառավարումը և տարբեր պետական մարմինների միջև տվյալների փոխանակումը, անհրաժեշտ է նաև ստեղծել լիովին անկախ, անձնական տվյալների պաշտպանության մարմին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է ոչ միայն օրենքների ընդունումը, այլև դրանց արդյունավետ կիրառումը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սա լուրջ առաջընթաց է համարում.
«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր, այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում։ Այս մասին է նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները»,- հայտարարում է Ներքին գործերի նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրոպական Հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույցԱյսօր նաև զեկույց է ներկայացվել, թե վիզայի ազատականացման գործընթացն ինչպես են անցել հարևան Վրաստանն ու նաև Մոլդովան, որ երկրներում ինչ խնդիրներ են առաջացել և թե այդ երկրներում ինչպես են խնդիրները լուծվել, որպեսզի Հայաստանը կարողանա այս երկրների փորձից իր համար օգտակար տեղեկություն քաղել: Զեկույցը
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է PMCG-ն ՝
«քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» -ը, դա միջազգային զարգացման և կառավարման խորհրդատվական ընկերություն է: Ընկերության նախագահ Ալեքս Ալեքսիշվիլին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գաղափարը՝ Հայաստանին Վրաստանի և Մոլդովայի փորձը ներկայացնելն էր:
«Մոլդովայում և Վրաստանում այդ գործընթացը սկզբից մինչև վերջ տևեց գրեթե յոթ տարի։ Յոթ տարին բավական երկար ժամանակ է, չէ՞։ Մեր հիմնական նպատակը գործընթացը ուսումնասիրելն էր՝ հասկանալու, թե որոնք էին հիմնական մարտահրավերները, ինչ ոլորտներում կարելի է բարելավել աշխատանքը, որպեսզի հայկական կողմի համար հնարավորինս հեշտացնենք գործընթացը և հնարավորինս կրճատենք ժամկետները։ Ահա սա էր գաղափարը»,- նշում է Ալեքս Ալեքսիշվիլին։
Ալեքսիշվիլին ասում է՝ կան մի շարք ընդհանուր մարտահրավերներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին՝ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին։ Իսկ ամենամեծ մարտահրավերներից մեկը թերևս սովետական ժառանգությունն է՝ կառավարման կոնցեպտուալ ընկալման հարցում, որը պետք է վերափոխել: Ընդհանուրից բացի, կան նաև ավելի գործնական հարցեր, օրինակ՝ ինչպես ամեն ինչ կազմակերպել, որպեսզի քաղաքական որոշումները տեղում ճիշտ իրագործվեն.
«Քանի որ քաղաքական որոշումը դեռ չի նշանակում, որ այն կիրականացվի, այնպես չէ՞։ Պետք է այնպես կազմակերպել համակարգը, որ միջին օղակի ղեկավարությունը իրականացնի այդ որոշումները, իսկ ամենացածր մակարդակում՝ սեղանի մոտ նստած աշխատակիցը, անի հենց այն, ինչ անհրաժեշտ է։ Այդ տեսանկյունից ամենակարևոր հարցը համակարգի ճիշտ կազմակերպումն էր։ Սա էր հիմնական մարտահրավերը»,- նշում է Ալեքսիշվիլին և շարունակում. «Երկրորդ կարևոր կետը հաղորդակցությունն էր։ Հաղորդակցությունը այս գործընթացի առանցքային սյուներից մեկն է։ Եվ խոսքը միայն պետական համակարգի կամ բյուրոկրատիայի հետ հաղորդակցության մասին չէ, այլ ամբողջ հասարակության հետ»։
Վրաստանի և Մոլդովայի փորձից ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը
Ի՞նչին պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի Հայաստանը։ Ալեքս Ալեքսիշվիլին ասում է, Հայաստանն արդեն բավական լավ է աշխատում բոլոր ուղղություններով և Եվրահանձնաժողովի առաջին մոնիթորինգային առաքելությունն արձանագրել է առաջընթացը: Հիմա, ասում է՝ պետք է օգտագործել այլոց փորձը հնարավորինս կրճատելու ժամանակը։ Ալեքսիշվիլիի խոսքով.- «Քանի որ մենք այժմ տեսնում ենք բավական մեծ էնտուզիազմ, մոբիլիզացիա, հանձնառություն և նվիրվածություն: Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը կարող է այս ճանապարհն անցնել շատ ավելի կարճ ժամանակում, քան մյուս երկրները»։
Այսօրվա քննարկմանը ներկա էին ներքին և արտաքին գործերի և այլ նախարարություններից, մաքսային կոմիտեից, քաղաքացիական հասարակությունից։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց հնչեցրեց՝ Հայաստանի՝ ԱՊՀ անդամությունը որքանով է համատեղելի վիզաների ազատականացման հետ:
Վրաստանից ներքին գործերի նախկին փոխնախարար Շալվա Խուցիշվիլին, ով զեկույցի համահեղինակներից է, ասաց՝ Վրաստանն այդ ժամանակ արդեն ԱՊՀ անդամ չէր։
Իսկ Մոլդովայի ներակայացուցիչը՝ Մոլդովայի վերաինտեգրման հարցերով նախկին փոխվարչապետ Կրիստինա Լեսնիչն ասաց՝ հիմա արդեն խորհրդարանը քվեարկել է ԱՊՀ-ից ամբողջովին դուրս գալու օգտին, իսկ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականցման ժամանակ իրենք փորձել են սահմանափակել ԱՊՀ շրջանակում նոր պայմանագրերի ստորագրումը և վերանայել են այն համաձայնագրերը, որոնք կարող էին ազդել ազատականացման գործընթացի վրա։
Թե որքան կշարունակվի վիզաների ազատականացման երկխոսությունը Հայաստանի հետ, ժամկետներ չեն նշվում։ Ըստ զեկույցի՝ այն շարունակվելու է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր 74 կետերի լիարժեք կատարումն ապահովելու համար: