«Իմ կառավարման տարիներին ԱԹՍ-ներ չկային». Քոչարյանը հակադարձեց իրեն մեղադրող սպիտակցի տղամարդուն

Լոռու մարզում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարոզարշավի առաջին կանգառն այսօր Սպիտակում էր:

Լոռեցի մի տղամարդ մոտեցավ 1998-ից 2008 թվականը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին ու ըստ էության նրան մեղադրեց 2020 թվականի պատերազմի ժամանակ զենքեր, հատկապես՝ ԱԹՍ- ներ չունենալու համար: Քոչարյանը բացատրեց՝ ինքը կապ չունի, ու ընդհանրապես իր կառավարման տարիներին անօդաչու թռչող սարքեր չկային:

«Ոչ թե առել ենք, այլ էնքան ենք առել, բերել ու ձրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին», - ասաց Քոչարյանը:

Քաղաքացին ասաց, որ վարչապետ Փաշինյանին է հավատում:

«Մեր քաղաքացին ա, մեկ ա, պետք է նորմալ, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա ա, հիմա ի՞նչ անենք», - նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը, որ վարչապետ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու ու պարտության համար, սպիտակցիներից քվե էր խնդրում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. «Իմ տպավորությունը՝ ամեն ինչ գնում է մի աշխարհաքաղաքական երկրաշարժի»:

Հայաստանը նորից ղեկավարելու հայտ ներկայացրած Քոչարյանն ու նրա թիմը պնդում են՝ փորձառու են, իրենց խոսքից հետ չեն կանգնի. «Համոզված ենք նաև, որ պահը ճակատագրական է, եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք, արդեն այդ ահազանգը կա»:

Մինչ երկրորդ նախագահի ժամանելը, նրա թիմակիցները Մշակույթի տանը հավաքվածներին հիշեցրեցին նրա իշխանության օրոք 1988-ի երկրաշարժից տուժած Սպիտակում իրականացված շինարարությունը: Քոչարյանն ինքը դահլիճում ելույթ չունեցավ, հենց փողոցում հանդիպեց լոռեցիներին, որոնցից մեկը ներկայացավ Մեծ Պառնիի նախկին գյուղապետ. 25 տարվա ուշացած շնորհակալությունն էր հայտնում. «Որ Ձեզ համոզեցի՝ մեր գյուղը գազաֆիկացրիք, չեմ կարողացել շնորհակալություն հայտնել, նոր եմ ասում: Մենակ նենց արեք՝ մեր գազը չկտրեն, չթանկացնեն»:

Մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմից հետո իր կառավարությունը բարեփոխել ու վերակառուցել է բանակը ու միլիարդների նորագույն զինտեխնիկա գնել, երկրորդ նախագահը քննադատեց իշխանությանը՝ պնդելով, թե մայիսի 28-ի երեկվա զորահանդես քարոզչական նպատակներով օգտագործվեց:

«Իրենք եթե հիշեցնեմ՝ ԱԹՍ-ների տեղը կլուբնիկի ռեֆորմ էին սկսել բանակում, ինչքան գեներալներ, գնդապետներ ունեինք մարտական փորձով, բոլորին տշեցին բանակից», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նաև նվերներ ստացավ. մի տղա երեխա նվիրեց եղբոր աշխատանքը՝ Արարատի բնապատկերով նկարը:

Ընդդիմադիր դաշինքի հաջորդ կանգառները Ստեփանավանում ու Վանաձորում էին: