Հոկտեմբերի 17-18-ը Բաղդադում կայացած 52-րդ նստաշրջանի հռչակագրում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհուրդը ներառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող կետ: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հռչակագիրը ողջունում է առաջընթացը այդ գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը երկու երկրների միջև:
«ԻՀԿ անդամ պետությունների անունից հայկական կողմին կոչ է ուղղվել՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացող իրավական և քաղաքական խոչընդոտները:
Փաստաթղթում նաև օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման ջանքերում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համերաշխություն է արտահայտված: Բացի այդ՝ պարունակվում է ԻՀԿ անդամ պետություններին ուղղված կոչ՝ ակտիվորեն աջակցել այդ տարածքների ականազերծմանն ուղղված գործունեությանը», - ըստ APA լրատվական գործակալության՝ փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
Նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել է փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը, ով անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կազմակերպությունում Ադրբեջանի առաջիկա նախագահության առաջնայնություններին:
Պաշտոնական Բաքուն հաղորդում է, որ ԻՀԿ ԱԳ նախարարների խորհուրդը նաև վերստին ընդունել է Ադրբեջանին առնչվող չորս ավանդական բանաձևերը՝ «հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները»:
Թվարկելով այդ բանաձևերը՝ «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի մասին», «Ադրբեջանին տնտեսական օգնության մասին», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքներում իսլամական պատմամշակութային հուշարձանների և իսլամական ժառանգության հետքերի ավերումը և պղծումը» և «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», Ադրբեջանի արտգործնախարարությունը չի մանրամասնում «հաշվի առնված համապատասխան փոփոխությունները»:
57 երկիր ընդգրկող ԻՀԿ արտգործնախարարների՝ անցած տարվա հունիսին Ստամբուլում կայացած համաժողովի հռչակագրում և այլ փաստաթղթերում ևս տեղ էին գտել ադրբեջանական մի շարք պնդումներ ու պահանջներ, որոնց կապակցությամբ պաշտոնական Երևանն իր հիասթափությունն էր հայտնել:
ՀՀ արտգործնախարարությունը հիշեցրել էր՝ Հայաստանն է առաջարկում առանց հետաձգման ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ:
34 տարի առաջ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ էլ հայկական կողմը, չհերքելով արյունահեղության փաստը, պնդում է, որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք է տրամադրվել, սակայն ադրբեջանական որոշ ուժեր կրակ են բացել քաղաքից դուրս եկողների ուղղությամբ՝ այդ ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի դիրքերը սասանելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության որոշ ձևակերպումներ Իրանի սրտով չեն». ԲաղայիԱդրբեջանը բարձր է գնահատում ԻՀԿ Ստամբուլի բանաձևը. Ալիև Փաշինյան-Էրդողան հանդիպումից ժամեր անց ԻՀԿ ԱԳ նախարարները միացան Հայաստանից Ադրբեջանի պահանջներին. Երևանը հիասթափված է