Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) «Ջերմուկ» հանքային ջրի երկու ցուցանիշում որակի խախտում չի հայտնաբերել, երրորդը դեռ ստուգման փուլում է:
«Հիդրոկարբոնատ և քլորի իոնները համապատասխանել են սահմանված նորմերին, և լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ սուլֆատ իոնի փորձարկումը դեռ շարունակվում է, արդյունքները պատրաստ կլինեն հաջորդ շաբաթ», - «Ազատությանը» փոխանցեց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը:
Տեսչական մարմինը լաբորատոր ստուգումները սկսեց այս ամսվա սկզբին: Դրանից առաջ Մոսկվան հայտարարել էր, որ որակի անհամապատասխանությունների պատճառով Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է շուրջ 1 մլն 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։
Ռուսական կողմի այս հայտարարությունից մոտ մեկ ամիս է անցել, բայց, տեսչականի խոսնակի փոխանցմամբ, մինչև այս պահը ռուս գործընկերներից պաշտոնական գրություն չեն ստացել: Տեսչականն ինքնուրույն է որոշել ստուգել ջրի որակը՝ «Ջերմուկ»-ի մայր գործարանից նմուշներ վերցնելով:
«Դա մեզ համար է նախ և առաջ՝ հասկանալու համար, թե «Ջերմուկ»-ի հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել», - նշեց Հարությունյանը:
Հայկական հայտնի այս բրենդը Ռուսաստանում խնդիրների էր բախվել դեռ 2024-ին, երբ ռուս իրավապահները պնդել էին, թե 65-ամյա մի տղամարդ «Ջերմուկ» խմելուց հետո մահացել է: Ռուս իրավապահների վարկածով՝ շշում հանքային ջրի փոխարեն քացախաթթու է եղել։ Այդ գործը ամիսներ առաջ Ռուսաստանում վերաբացվել էր, ինչպես պնդել էին՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված: Հետո այս նոր սահմանափակումների մասին հայտարարվեց, սա էլ արդեն՝ նախորդ ամիս:
«Ջերմուկ գրուպ»-ն ավելի վաղ հերքել է, թե իրենց արտադրանքի շշում քացախաթթու է եղել: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ երկու շաբաթ առաջ ասել էր՝ կզբաղվեն խնդրով, երբ ընկերությունն իրենց դիմի, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց. - «Մեծ հաշվով, շատ մեծ խնդիրներ չունենք, ընթացիկ խնդիրներ են եղել, որոնք լուծվում են»:
Այս ընթացքում մամուլը գրում է, թե «Ջերմուկ»-ը հայտնվել է ռուս իրավապահների թիրախում, որովհետև սեփականատերն իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցող գործարար է: Պապոյանը, սակայն, ռուս գործընկերների մոտ լարվածություն չի տեսնում:
«Շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք մեր գործընկերների հետ: Բոլոր ընկերությունների հետ էլ աշխատում ենք: Հարցեր միշտ էլ եղել են, միշտ էլ եղել են, վաղն էլ են լինելու հարցեր, էդ հարցերը նրա համար են, որ լուծվեն», - ասաց նախարարը:
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշում՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության ժամանակը չէ դեռ, Մոսկվայից պարբերաբար հորդորում են արագ կողմնորոշվել այս երկու միությունների միջև:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե ԵՄ-ն փորձում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության գոտի, ու դա, ըստ նրա, կարող է Երևանին զրկել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներից: Լավրովը հիշեցրել է, որ այդ մասին նախագահ Պուտինն իր վերջին հանդիպման ընթացքում անձամբ է ասել Հայաստանի վարչապետին Փաշինյանին:
«Նախագահ Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում ընդունելով վարչապետ Փաշինյանին՝ այդ մասին բաց տեքստով ասել է՝ մենք կհարգենք մեր հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե Հայաստանը կանգնի Եվրոպական միությանը անդամակցելու ուղու վրա: Այնտեղ պարզապես միմյանց բացառող պարտավորություններ են՝ ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ բաներ: Սա մեր դաշնակցային պարտականությունն է՝ բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում, և ինչով է Եվրասիական տնտեսական միությունը տարբերվում Եվրոպական միությունից», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ջերմուկ»-ի հարցը ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական բանավեճի թեմա է դարձել: ՔՊ-ական նախարարը այս հարցում էլ է ընդդիմությանը մեղադրում՝ մատնացույց անելով նրանց ռուսական կապերը. - «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը որոշակի մակարդակում, ասենք՝ բաժնի պետի տեղակալի օգնականի մակարդակում կապեր ունեն, կարողանում են լուծել: Մենք էլ նախարարներ, վարչապետների մակարդակում մե՛ր կապերով ենք հակառակը լուծում՝ բոլոր հարցերը»:
«Ջերմուկ գրուպ»-ի հիմնադիր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե «մշուշոտ ենթադրությունների հետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»։ Նույն լրատվամիջոցը գրել էր՝ Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդել են, թե «Ջերմուկ»-ում Փաշինյանի համար ձայներ են հավաքվում։ Ի դեպ՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն Աշոտ Արսենյանի որդին է:
Ի պատասխան այս հայտարարության՝ գործարարը հորդորել էր ընդդիմությանը «չտվայտվել» և հայտարարել էր, որ «րոպեական քաղաքական շահի համար նրանք պատրաստ են ցեխ շպրտել ազգային արժեքների վրա»։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին էր հակադարձել էր Արսենյանին. - «Մենք «Ջերմուկ» հանքային ջրի մասին չենք խոսել, խոսել ենք նրա սեփականատերերի մասին: Եթե առևտրով են զբաղվում, թող առևտուր անեն, բայց քթները չխոթեն այստեղ»:
Ու մինչ քաղաքական գործիչները վիճում են, Ռուսաստանում էլ «Ջերմուկ»-ի վաճառքը թույլատրելու մասին նոր տեղեկություններ չկան, հարց է առաջանում՝ ի՞նչ կտան հայաստանյան լաբորատոր ստուգումները, եթե «Ջերմուկ»-ի խնդիրները ծագել են Ռուսաստանում:
Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են, այսինքն՝ տեխնիկական կանոնակարգերը նախատեսում են, որ անդամ երկրներում պետք է որակի և անվտանգության միասնական պահանջներ գործեն, իսկ հավատարմագրված լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները փոխադարձաբար ճանաչվեն:
Արդյո՞ք Հայաստանի լաբորատոր փորձաքննությունների արդյունքները չեն ընդունվում Ռուսաստանում, թե՞ ռուսական կողմը, օրինակ՝ «Ջերմուկ»-ի դեպքում, կարող է հիմնվել միայն սեփական լաբորատոր ստուգումների արդյունքների վրա։ Էկոնոմիկայի նախարարությունն անպատասխան թողեց այս հարցը: