Ի՞նչ արտաքին քաղաքականություն է խոստանում նոր կառավարությունը

Հայաստանի կառավարությունը խոստանում է հավասարակշռման ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, որը ենթադրում է տարածաշրջանում՝ այսինքն «սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնել»։ Այդ մասին նշված է նոր կառավարության հնգամյա զարգացման ծրագրում, որ առաջիկայում ուղարկվելու է խորհրդարան՝ հավանության արժանացնելու։

Ադրբեջանի հետ հարաբերություններում Փաշինյանի կառավարության առաջնահերթությունը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացնելու հարցն է, սահմանազատման ու սահմանագծման շարունակությունը։ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր կառավարությունը կենտրոնանալու է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանի բացման ու առնվազն երկու արդիական սահմանային անցակետ գործարկելու աշխատանքների վրա։ Հստակ ժամկետներ, սակայն, ծրագրում նշված չեն։ Չի հստակեցվում նաև, թե որ երկու անցակետերի մասին է խոսքը, թեպետ հայտնի է, որ կառավարությունը արդիականացրել էր Մարգարայի անցակետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքը

Հայ-ռուսական հարաբերությունները

Ռուսաստանի հետ նոր կառավարությունը պլանավորում է վարել «փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսություն՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»:

Մինչ Մոսկվայից պնդում են, թե Հայաստանը պետք է մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնի Եվրասիական տնտեսական միությունում մնալ-չմնալու շուրջ, Փաշինյանի կառավարությունը առաջիկա հնգամյակի իր ծրագրում շեշտել է՝ արդյունավետ համագործակցություն է ծավալվելու ԵԱՏՄ հետ։

«Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների՝ աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ», - նշված է ծրագրում։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հիմնվելու են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա։

«Իրագործվելու է TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ՝ ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում», - նշված է կառավարության ներկայացրած ծրագրում։

Կառավարությունը Ֆրանսիայի հետ հարաբերությունները նախատեսում է բարձրացնել որակական նոր մակարդակի՝ հիմնվելով ռազմավարական գործընկերության հռչակագրի վրա։

Հայաստանը գործընկերությունը խորացնելու է նաև Եվրոպական միության հետ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական ոլորտների չափանիշները համապատասխանեցնելով եվրոպականին՝ 2025-ին ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա։ Կառավարությունը խոստանում է նաև առաջիկա հնգամյակում ավարտին հասցնել ԵՄ-ի վիզաների ազատականացումը:

Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին

Կառավարությունը մտադիր է խորացնել ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ շարունակվելու են աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Հայաստանը վերջին տարիներին Հնդկաստանի հետ համագործակցում էր հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում։

Բացի այս, կառավարությունը խոստանում է պահպանել Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ընդլայնել առևտրատնտեսական կապերը. «Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով)», - նշված է ծրագրում։

Փաշինյանի կաբինետը խոստանում է խորացնել ռազմավարական գործընկերությունը նաև Վրաստանի հետ։