«Մեզ բաժանող պատերը վերացնեն»․ ի՞նչ ակնկալիքներ ունեն հայ-թուրքական սահմանի այս և այն կողմում

Ավելի քան 30 տարի է՝ Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա երկաթուղով գնացք չի անցնում։ Ախուրիկ գյուղում հույս ունեն, որ Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա երկաթուղում մի օր կրկին գնացքի սուլոց կլսվի։ Այժմ չգործող երկաթգծի վերագործարկումը, Հովհաննես Յաղլիջյանի համոզմամբ, ոչ միայն աշխատելու հնարավորություն կտա իրեն և համագյուղացիներին, այլև տնտեսական նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առաջ։

«Ես ընդեղ՝ սահմանին, 25 տարի աշխատել եմ։ Հիմա որ աշխատի, էս գեղից մենակ 1000 հոգի կուզենա գնա, աշխատի, մեր գյուղի հողին չի խանգարի, ոչ էլ անասունին», - ասաց Հովհաննես Յաղլիջյանը:

Երկաթուղու հարևանությամբ գտնվող գյուղում հույս ունեն՝ սահմանի բացումը Հայաստանին առևտրային նոր ուղիներ կտա և կնվազեցնի կախվածությունը ռուսական շուկայից, որտեղ հայկական ապրանքները վերջին ամիսներին բախվում են մի շարք խոչընդոտների։

«Առևտուրը նաև Հայաստանի կյանքը կփոխի։ Հիմա ինչքան ապրանք, որ Ռուսաստանը չի թողա էրթա, արդեն ստեղ կէթա-կգա», - նշեց Հովհաննես Յաղլիջյանը։

Արդեն ավելի քան երեք տասնամյակ փակ դարպասների բացմանը կողմ է նաև տեղի մեկ այլ բնակիչ՝ Ալբերտ Գալստյանը։ Նրա համար, սակայն, հարցը միայն առևտուրը չէ։ Համոզված է՝ հարևանների միջև շփումները կարող են նաև խաղաղության ճանապարհ բացել:

«Հո մենակ չես կրնա ապրի։ Բացվի առևտուր ինչքան շատ լինի, հա՛մ մեզ օգուտ, հա՛մ իրանց, հա՛մ ժողովրդին։ Հարևաններիդ հետ պետք է շփում ունենաս, առևտրի մեջ մտնես, համ էլ էդ շփումը, ինձի կթվա, որ խաղաղություն էլ կբերի», - ընդգծեց Ալբերտ Գալստյանը։

Հայ-թուրքական սահմանը Անկարան փակել է 90-ականներից՝ կապելով դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Չնայած 2023 թվականին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա ու ամբողջովին հայաթափեց, սահմանը չբացվեց։ Էական առաջընթաց չկա նաև 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո:

Հայ և թուրք բանագնացների միջև դեմ առ դեմ հանդիպումներ մոտ երեք ամիս է՝ չկան։ Հայկական կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ընտրություններից հետո ստանձնել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Սակայն բանակցություններն, ըստ հայկական կողմի, չեն ընդհատվել։

«Անկեղծ ասած, դա դեռ հարց է՝ Թուրքիայի հետ շփումներում նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է սահմանի բացումը ավելի շուտ լինել, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը», - հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Չնայած փակ սահմաններին՝ ակտիվ է և՛ հայ-թուրքական առևտուրը, և՛ շփումները երկու երկրների գործարարների միջև: Ամռան սկզբին բիզնեսմենները հանդիպել էին Կարսում, իսկ սեպտեմբերին՝ Երևանում: Նման հանդիպումներ նախատեսվում է անցկացնել նաև հաջորդ տարի՝ Եվրամիության ֆինանսավորմամբ։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդումն ու սահմանների բացումը նաև օգուտ կբերի միությանը՝ ստեղծելով այլընտրանքային երթուղիներ։

«Մենք ցանկանում ենք ապահովել միջտարածաշրջանային կապեր՝ ներգրավելով տարբեր գործընկերների, ստեղծելով տարբեր երթուղիներ և ներդրումային հնարավորություններ, որպեսզի բոլորը կարողանան օգուտ քաղել դրանից։ Մենք նույնպես կշահենք, քանի որ կունենանք այլընտրանքային երթուղիներ՝ Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան և այլ ուղղություններով», - նշել է Մարագոսը։

Հայաստանով անցնող ուղին որպես դարպաս են դիտարկում նաև մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիրում: Տեղի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (DTSO) Մեհմեթ Քայային ասում է՝ Հայաստանը կարող է ճանապարհ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն: Իսկ Դիարբեքիրն, իր հերթին, հայ գործարարների համար կարող է դարպաս բացել դեպի Սիրիա և Իրաք։

«Մենք կարող ենք քուրդ գործարարների համար Հայաստանը դիտարկել այս տարածաշրջանում դարպաս Եվրասիական տարածաշրջան դուրս գալու համար։ Միաժամանակ հակառակ գործընթացը կարող է լինել․ եթե հայ գործարարները Դիարբեքիրում ներդրումներ անեն, Դիարբեքիրը դեպի Սիրիա, Իրաք տանող դարպաս կարող է դառնալ», - ընդգծել է Մեհմեթ Քայային։

Տարեսկզբին թուրքական կողմը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մասին՝ առանց երրորդ երկրում մաքսային ձևակերպումներ անելու։ Թուրք և քուրդ բիզնեսմենները, սակայն, ավելին են պահանջում:

«Եթե պետությունները մեր միջև գտնվող պատերը վերացնեն, մենք՝ որպես երկու հանրություններ, կարող ենք միմյանց հետ պայմանավորվել», - նշել է Մեհմեթ Քայային։

Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում է գտնվում սուրճ բովելու և աղալու պրոֆեսիոնալ սարքավորումներ արտադրող Hasgaranti ընկերությունը, որն արդեն 15 տարի է՝ սարքավորումներ է մատակարարում հայ արտադրողներին:

«Ամենամեծ ընկերություններից մեկը, գուցե իմանաք՝ «Վենդան»: Երբ բացեցին սուրճ բովելու արտադրամաս Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանում, նույն կազմակերպությունն ինձնից 180 կիլոգրամանոց սարք գնեց, որը կարող է օրական երեք տոննա սուրճ արտադրել։ Մարդիկ այժմ ուզում են մի բան անել։ Երկրի կողքին է, հեշտ է, և նրանք թուրքական արտադրանք են նախընտրում», - ասել է Hasgaranti-ի ընկերության ղեկավար Մյուժդաթ Այդընը:

Այդ նախընտրությունը երևում է նաև փոխադարձ առևտրում․ այս տարվա առաջին կեսին Հայաստանից 4.5 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել Թուրքիա, մինչդեռ հակառակ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան, ներմուծումը գերազանցել է 220 միլիոն դոլարը։ Առայժմ առևտրի բալանսը 98 տոկոսով Անկարայի օգտին է: Թե ինչ կփոխվի հարաբերությունների կարգավորումից հետո, հստակ չէ, բայց ակնհայտ է, որ տնտեսական կապերը վաղուց են հատել այն սահմանը, որի բացման շուրջ Երևանն ու Անկարան դեռ շարունակում են բանակցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան-Փաշինյան հանդիպումները «միտված են կարգավորումը առավելագույն մակարդակին բարձրացնելուն» Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերTRIPP-ին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապի բացում. Փաշինյան