Հյուսիսային Կորեան կամրապնդի իր միջուկային ուժերը. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը մշտապես կամրապնդի իր միջուկային ուժերը և Հարավային Կորեային կվերաբերվի որպես իր ամենաթշնամական պետության: Այս մասին հայտնում է պետական KCNA լրատվամիջոցը։

Կիմը նշել է, որ Փհենյանի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը անշրջելի է, և «ինքնապաշտպանական միջուկային զսպման» ընդլայնումը կարևոր է ազգային անվտանգության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համար։

Միջուկային զենքը կանխել է պատերազմը և թույլ է տվել պետությանը կենտրոնացնել ռեսուրսները տնտեսական աճի, շինարարության և կենսամակարդակի վրա, հավելել է նա։