Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Ռուսաստանին. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը մասնակցում են զոհված հյուսիսկորեացի զինվորների հիշատակի արարողություններին, Փհենյան, 26-ը ապրիլի, 2026թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ռուսաստանին։

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում էր նաև պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, երեկ Փհենյանում մասնակցել է Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերում զոհված հյուսիսկորեացի զինվորներին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։

Հյուսիսային Կորեան փորձում է Ռուսաստանում տեղակայված իր զորքերը ներկայացնել որպես զոհաբերության և հավատարմության խորհրդանիշ։

«Հյուսիսային Կորեայի կառավարությունը կշարունակի լիովին աջակցել Ռուսաստանի քաղաքականությանը՝ ուղղված նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության շահերի պաշտպանությանը», - հաղորդել է պետական KRT հեռուստատեսությունը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է միջազգային քաղաքական իրավիճակը։

KRT-ի ցուցադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմը մասնակցում արարողությանը, գրկում զինվորներին, ծաղիկներ դնում հուշահամալիրում։

Հյուսիսային Կորեան մոտավորապես 14 հազար զինծառայող է ուղարկել Կուրսկ՝ ռուսական ուժերի հետ միասին կռվելու ուկրաինական զորքերի դեմ։ Հարավկորեական, ուկրաինական և արևմտյան պաշտոնյաների տվյալներով՝ այդ մարտերում զոհվել է ավելի քան 6 հազար հյուսիսկորեացի զինվոր։