«Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում», հայտնել է վարչապետը՝ առանց մանրամասնելու

Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում, այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ առանց փակագծեր բացելու, թե խոսքն ինչի մասին է:

Նիկոլ Փաշինյանը երկաթուղու առավելություններից խոսում ու տարբեր հայտարարություններ է անում հատկապես վերջին շաբաթներին, երբ Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ կիրառում է սահմանափակումներ և հորդորում կողմնորոշվել և ընտրություն անել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ:

«Պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցում է Հայաստանի հյուիսով, մասնավորապես՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզեր: Եվ այսօր արդեն քննարկումներ են առաջինը՝ բեռնատարների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար: Սա միլիարդների երկամուտներ է բերելու Հայաստանին: Մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով»,- շարունակեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդտեղ մի խնդիր կա, դա Հաղարծին գյուղի հատվածում սողանքն է, որի վերականգնման համար 500 մլն դոլար փող է հարկավոր:

«Նախկինում այդ փողի շուրջ որևէ լուրջ քննարկում չունեինք, հիմա ծրագիրը փոխվել է հետևյալ տրամաբանությամբ՝ Իջևան-Հրազդան երկաթուղին Լերմոնտովո գյուղի հատվածով ընդհուպ մոտենում է Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին և այնտեղ 6 կիլոմետրանոց հատված կա: Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին: Այդ դեպքում այդ 500 մլն դոլարի ներդրողներ հաստատ կգտնվեն»,- հավելեց կառավարության ղեկավարը: