Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել վարչապետ Ջորջիա Մելոնիի դեմ

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և երկու նախարարների դեմ՝ Լիբիա դաշտային հրամանատարի արտաքսման համար, ում հետախուզում է Հաագայի Միջազգային քրեական դատարանը: Ինչպես հայտնում է Euronews-ը, Մելոնին ինքն է հայտարարել հետաքննության մեկնարկի մասին երեքշաբթի օրը:

Նրան մեղադրում են Օսամա Անդջիեմային (Օսամա ալ-Մասրի անվամբ հայտնի) օգնելու և աջակցելու համար:

Իտալիայի վարչապետի խոսքերով, հետաքննությունը վերաբերում է արդարադատության նախարար Կառլո Նորդիոյին և ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիին:

Մեկնաբանելով մեղադրանքները՝ Մելոնին նշել է. «Այն, ինչ ճիշտ էր երեկ, ճիշտ է նաև այսօր. ինձ չի կարելի շանտաժի ենթարկել, և ինձ չի կարելի վախեցնել»:

Ջորջիա Մելոնիի կառավարությունը քննադատության է ենթարկվել ընդդիմության, իրավապաշտպան կազմակերպությունների և հենց Միջազգային քրեական դատարանի կողմից՝ ալ-Մասրիին ազատ արձակելու համար, այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր Թուրինում՝ ՄՔԴ-ի օրդերի հիման վրա: